Արարատ Միրզոյանն ու Նասեր Բուրիտան քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպել է Մարոկկոյի Թագավորության արտաքին գործերի, աֆրիկյան համագործակցության և արտերկրում մարոկկացիների հարցերով նախարար Նասեր Բուրիտայի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ նախարարները քննարկել են Հայաստանի և Մարոկկոյի միջև հարաբերությունների հետագա զարգացման հնարավորությունները՝ ընդգծելով երկու երկրների միջև առավել սերտ կապերի ձևավորման հարցում երկուստեք առկա քաղաքական պատրաստակամությունը։
Արարատ Միրզոյանը և Նասեր Բուրիտան մտքեր են փոխանակվել երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի խթանման մեխանիզմների շուրջ։
Անդրադարձ է կատարվել նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցությանը և տարածաշրջանային զարգացումներին: