Փեզեշքիանը քննադատել է Թրամփի վերջին հայտարարությունները՝ դրանք անվանելով դավադրություն Իրանի դեմ
2 րոպեի ընթերցում
![Փեզեշքիանը քննադատել է Թրամփի վերջին հայտարարությունները՝ դրանք անվանելով դավադրություն Իրանի դեմ](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2025/02/10/Jlot4fGoXiQjEKPig4W0S60VJjjDI81OZg6DbV5w.webp)
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է Իրանի հետ բանակցություններ սկսելու իր ցանկության մասին, սակայն միևնույն ժամանակ նոր դավադրություններ է ծրագրում Իսլամական հեղափոխությունը ծնկի բերելու նպատակով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է իրանական Mehr գործակալությունից, այս մասին Փեզեշքիանը հայտարարել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի տոնակատարությունների ընթացքում իր ելույթում։
Փեզեշքիանը քննադատել է այն, որ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը Թեհրանի հետ բանակցություններ վարելու ցանկություն է հայտնել, սակայն միևնույն ժամանակ հրամանագիր է ստորագրել Իրանի դեմ ճնշումը մեծացնելու և «իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնելու մասին։
«ԱՄՆ-ն կարող է միայն երազել Իրանին ծնկի բերելու մասին»,- ասել է Փեզեշքիանը։
Նախագահ Փեզեշքիանի խոսքով՝ Թրամփը պնդում է, որ Իրանը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունը, սակայն «անապահովության հիմնական պատճառն ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Իսրայելն է, որը ռմբակոծում է Գազայի, Լիբանանի, Պաղեստինի, Սիրիայի, Իրանի ճնշված ժողովրդին»։
«ԱՄՆ նախագահը պնդում է, որ պաշտպանում է խաղաղությունն ու կայունությունը, բայց նա պաշտպանում է հանցագործի, որը դատապարտվել է միջազգային կազմակերպությունների կողմից»,- ասել է Փեզեշքիանը՝ նկատի ունենալով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, որին ձերբակալելու հրաման է տվել Միջազգային քրեական դատարանը։
Փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված փաստաթղթով նախատեսվում է կանխել Իրանի կողմից միջուկային զենքի և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ձեռքբերումը, ոչնչացնել Իրանի «ահաբեկչական ցանցը», ինչպես նաև Իրանի նավթի արտահանումը զրոյացնելու արշավ մեկնարկել: