Քաղաքականություն

Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը կենսական կարևորություն ունի․ Իրակլի Կոբախիձե

2 րոպեի ընթերցում

Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը կենսական կարևորություն ունի․ Իրակլի Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գնահատմամբ՝ Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը կենսական կարևորություն ունի։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ընթացքում։ 

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետի հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ, բազմակողմ, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։

«Աշխարհը լի է մարտահրավերներով, և դրանց հաշվի առնելը խիստ կարևոր է և էլ ավելի է ընդգծում սերտ համագործակցության կարևորությունը։ Մենք կարող ենք միասին հոգ տանել մեր համատեղ շահերի պաշտպանության մասին։ Հայաստանի և Վրաստանի համագործակցությունը կենսական կարևորություն ունի»,-նշեց Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեն նշեց, որ Հայաստան է այցելում արդեն երկրորդ անգամ, ինչը խոսում է այն մասին, որ վրացական կողմը մեծ հետաքրքրություն ունի երկկողմ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու հարցում։

Վրաստանի վարչապետը հավելեց, որ երկու երկրները միմյանց հետ կապված են երկարատև բարեկամության և գործընկերության կապերով, ինչը վերածվել է ռազմավարական գործընկերության։ 

«Այս գործընկերությունը խիստ կարևոր է ամբողջ տարածաշրջանի համար, տարածաշրջանի բարգավաճման և կայուն զարգացման համար»,-նշեց Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետը արգասաբեր գնահատեց երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը՝ հավելելով, որ այսօրինակ նիստերը շատ կարևոր են երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման համար։

«Մեր երկրների միջև գոյություն ունեն հատուկ հարաբերություններ և դրանք ոչ միայն աշխարհագրորեն մոտ լինելով են պայմանավորված, այլև կցանկանայի կրկնել մի միտք, որն արտահայտեցի նիստի ընթացքում․ մեր գործընկերությունը խորապես արմատավորված է պատմական հանգամանքներով և մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի, սրա վրա է խարսխված, ու մեր փոխադարձ հարգանքը դրա առհավատչյան է»,-ասաց Վրաստանի վարչապետը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում