Ամառային զորակոչի թվաքանակն անցած տարվա համեմատ ավելացել է մեկ հինգերորդով

3 րոպեի ընթերցում

Իրականացված փոփոխությունների արդյունքում՝ ամառային զորակոչի թվաքանակն ավելացել է մեկ հինգերորդով․ նույնն ակնկալվում է նաև ձմեռային զորակոչին։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ամփոփելով 2024 թվականի գործունեությունը։ 

Նախարարը նշեց, որ ամեն տարի զորակոչից առաջ տարբեր փոփոխություններ են կատարում՝ համաձայն ՀՀ կառավարության տարբեր որոշումների, որոնք էապես փոխում են զորակոչային ռեսուրսի պատկերը։ 

«Պիտի ասեմ, որ ամառային զորակոչի արդյունքում՝ մեր փոփոխությունների բերումով՝ մեր զորակոչի թվաքանակն ավելացել է մեկ հինգերորդով։ Այսինքն՝ նախորդ տարի ամառային զորակոչի նկատմամբ այդքանով ավելացել է մեր զորակոչը։ Հասկանալի պատճառներով՝ ես թվեր չեմ հնչեցնում։ Նույնն ակնկալում եմ նաև ձմեռային զորակոչին, որովհետև այդ ժամանակ ևս մենք որոշակի «խողովակներ փակեցինք»,-ասաց Պապիկյանը։ 

Նախարարը խոստովանեց, որ որքան էլ նախարարությունը հետևողական է, որքան էլ փորձում է ուշադրություն դարձնել, թե որ հիվանդություններն են ավելանում, որոնք են պակասում, նախարարն ինքը համարում է, որ սրանք ունեն սուբյեկտիվ շերտեր իրենց բոլոր ներքին խնդիրներով և շերտերով։ 

«Այս հանգամանքից ելնելով՝ պաշտպանության նախարարի գլխավորությամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որին մասնակցում են մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ, և մենք հիմա փորձում ենք վերանայել զորակոչի ձևը և բովանդակությունը, որի հիմքում պետք է դրված լինի զինակոչիկի ֆունկցիոնալությունը»,-նշեց Պապիկյանը։ 

Նրա խոսքով՝ դա հնարավորություն կընձեռի, որպեսզի ժամանակակից պահանջների զորատեսակներին համապատասխան՝ պաշտպանության նախարարությունը կարողանա ներգրավել նաև այնպիսի զինակոչիկների, որոնք առաջին հայացքից այսօրվա կառուցակարգերով պետք է ազատվեին բանակից, բայց իրականում ֆիզիկապես չեն տարբերվում ինչպես իրենց աշխատանքային ոլորտով, այնպես էլ իրենց ֆիզիկական զբաղվածությամբ։ 

«Կարծում եմ՝ սա էապես կփոխի մեր ընդհանուր պատկերը և կբերի նրան, որ մենք կունենանք ավելի օբյեկտիվ զորակոչ և հարցեր չեն առաջանա, որոնք, օբյեկտիվորեն, հնչեցնում են մեր գործընկերները»,-եզրափակեց պաշտպանության նախարարը։    

 

 

Հայերեն