ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և քննարկել դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Azerbaijan Airlines» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման հետ կապված հարցեր։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ռուսական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված զրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ադրբեջանական ինքնաթիռի կործանման կապակցությամբ և իր խորին ցավակցությունն է հայտնել ողբերգական միջադեպի հետևանքով զոհվածների ընտանիքներին։
Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտինը նշել է, որ կործանված ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիում, սակայն այդ պահին Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման էին ենթարկվում ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքերի կողմից։ Ռուսական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը զբաղված էին այդ հարձակումները հետ մղելով, ինչն էլ կարող էր հանգեցնել ողբերգությանը։
Ադրբեջանական ավիաուղիների Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, որն իրականացնում էր Բաքու-Գրոզնի չվերթը, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաուի օդանավակայանի մերձակայքում։ Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ 38 մարդ զոհվել է, 29 մարդ՝ ողջ մնացել։
«Azerbaijan Airlines» (AZAL) ավիաընկերությունը, որին պատկանում էր Ակտաուում կործանված Embraer 190 ուղևորատար ինքնաթիռը, հայտարարել էր, որ հետաքննության նախնական տվյալներով՝ օդանավն ընկել է «ֆիզիկական և տեխնիկական արտաքին ազդեցության պատճառով»:
Reuters-ը՝ հղում անելով ադրբեջանական քննությանը մոտ կանգնած չորս աղբյուրների, հաղորդել է, որ ինքնաթիռը կործանվել է ռուսական հակաօդային ուժերի հարվածից։ Նույնն են պնդում նաև մի շարք այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ Euronews-ն։