Գեղարքունիքի մարզում կներդրվի ջրային ռեսուրսների և կեղտաջրերի կառավարմանն ուղղված նոր ծրագիր

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում հաջորդ տարի կներդրվի ջրային ռեսուրսների և կեղտաջրերի կառավարմանն ուղղված նոր ծրագիր, որը կլինի Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության կողմից 2022 թվականից գործողության մեջ դրված «EU-4 Sevan» ծրագրի տրամաբանական շարունակությունը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, դեկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Միջազգային Համագործակցության Ընկերության ծրագրերի ղեկավար Օլգա Վայգելի, տեխնիկական ինժեներ Կրիստիան Շտերցի, փորձագետ Ֆրանկ Սամոլի, «EU-4 Sevan» ծրագրի թիմի ղեկավար Ալեքսանդր Առաքելյանի, նույն ծրագրի խորհրդական Էդգար Փիրումյանի և Գեղարքունիքի մարզային համակարգող Վարազդատ Սարգսյանի հետ  հանդիպման ընթացքում քննարկել է «EU-4 Sevan» ծրագրի իրականացման արդյունքների, մարզպետի աշխատակազմի և Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության միջև հաստատված համագործակցության ընթացքի ու շարունակման հետ կապված հարցեր։

Շնորհակալության հայտնելով ծրագրի թիմին ընդունելու և ծավալված համագործակցության համար՝ Օլգա Վայգելը նաև տեղեկացրել է, որ իրենց կողմից ներդրվելու է Գեղարքունիքի մարզում ջրային ռեսուրսների և կեղտաջրերի կառավարման ոլորտին ուղղված նոր ծրագիր, որը լինելու է «EU-4 Sevan» ծրագրի տրամաբանական շարունակությունը։ 

Ըստ Օլգա Վայգելի՝ տնտեսական ու բնապահպանական կարևոր նշանակության այս ծրագիրն ընդգրկելու է ոչ միայն Սևանա լճի ջրահավաք ավազանը, այլ նաև նրա անմիջական ազդեցությամբ գտնվող տարածքներն ու կառույցները։ 

«Այժմ պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների, շահագրգիռ այլ կառույցների հետ համագործակցությամբ ընթանում են փորձագիտական ու հետազոտական աշխատանքներ՝ ծրագրի նախագիծը վերջնական տեսքի բերելու համար, որն, ամենայն հավանականությամբ, գործողության մեջ կդրվի 2025 թվականի վերջերից»,-հաստատել է Օլգա Վայգելը։

Մարզպետ Կարեն Սարգսյանը Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված արդյունավետ ծրագրերի իրականացման համար շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ վստահեցնելով, որ Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համագործակցությունը շարունակական կլինի։ 

«Այն բոլոր պարտավորությունները, որ մինչ այժմ ստանձնել ենք մենք «EU-4 Sevan» ծրագրի շրջանակներում, իրականացրել ու իրականացնում ենք ամբողջ ծավալով, իսկ ձեռք բերած արդյունքները միանգամայն գոհացուցիչ ու տեսանելի են։ Կարծում եմ, որ հերթական ծրագրի նախագծման ու իրականացման դեպքում էլ կունենանք նույն պատկերը»,-հավաստիացրել է  մարզպետը։ 

Հանդիպման ավարտին Կարեն Սարգսյանը մանրամասն պարզաբանումներ է տվել փորձագետների կողմից առաջադրված հարցերին, որոնք առնչվել են  Սևանա լճի և նրա ջրահավաք ավազանի ջրային ռեսուրսների կառավարմանը, շրջակա միջավայրի վրա գլոբալ տաքացման թողած ազդեցություններին, բնապահպանական ոլորտում իրականացվող պետական ծրագրերի իրականացման ուղղություններին։

 

 

 

Հայերեն

Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են

Կոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 100-ը

Զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում. ԳՇ պետը՝ զինծառայողների ուշ քվեարկելու մասին

ՆԳ փոխնախարարը վստահեցնում է՝ խորհրդարանական ընտրություններն անցել են արդար, ազատ և թափանցիկ մթնոլորտում

Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել

Փոքր Մասրիկում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 8 ծրագիր

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն

Մարտունի քաղաքի Չարենց փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են

ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի

ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները