Մարզեր

Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի երկրագիտական թանգարան

2 րոպեի ընթերցում

Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի երկրագիտական թանգարան

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի երկրագիտական թանգարան՝ աշխատանքային պայմաններին, առաջնահերթ ու հրատապ խնդիրներին, դրամաշնորհային ծրագրով վերջերս իրականացված աշխատանքների արդյունքներին ծանոթանալու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, մարզպետը շրջել է ցուցասրահներով՝ ուշադրություն դարձնելով մարզի պատմությունն ու ինքնությունը ներկայացնող ցուցադրությունների պահպանությանն ու ներկայացման ընթացքին։

Թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանի տեղեկացմամբ՝ «Գեղարքունիքի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային մրցույթին, որի շրջանակում «Հնագիտություն նոր շնչով» ծրագիրն արժանացել է հավանության։ Պետական ֆինանսական աջակցության (2 մլն 290 հազար դրամ) շնորհիվ վերանորոգվել է 230 քմ մակերեսով հնագիտական ցուցասրահը, ձեռք են բերվել ժամանակակից ապակեպատ ցուցափեղկեր և տեղադրվել արդիական լուսավորության համակարգ։ Բացի այդ, մարզպետի աշխատակազմի աջակցությամբ թանգարանին տրամադրված լրացուցիչ դրամաշնորհով ձեռք է բերվել ևս երեք ցուցափեղկ։ Վերանորոգված սրահում ներկայացված են Գեղարքունիքի տարածաշրջանի հնագույն դամբարաններից հայտնաբերված բացառիկ գտածոներ, որոնք թվագրվում են  մ.թ.ա. III հազարամյակից մինչև Վանի թագավորության ժամանակաշրջան՝ արժեքավոր տեղեկություններ տալով  Սևանի ավազանի հազարամյակների պատմության ու մշակույթի մասին։

Այցի ընթացքում Կարեն Սարգսյանը զրուցել է թանգարանի աշխատակիցների հետ, քննարկել ընթացիկ աշխատանքները, զարգացման ծրագրերը և թանգարանային կյանքի ակտիվացման հնարավորությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում