Գեղարքունիքում 2025-ին գործել է 60 մանկապարտեզ, 9 այլընտրանքային ծառայություն իրականացնող հաստատություն
3 րոպեի ընթերցում

2025 թվականին Գեղարքունիքի մարզում գործել է նախադպրոցական կրթություն իրականացնող 60 մանկապարտեզ, ինչպես նաև 9 այլընտրանքային ծառայություն իրականացնող հաստատություն, որոնք տեղակայված են Դրախտիկ, Աղբերք, Ծափաթաղ, Շողակաթ, Ծաղկունք, Նորաշեն, Գեղամավան և Խաչաղբյուր բնակավայրերում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը՝ նշելով, որ մարզում գործող 60 մանկապարտեզում նախադպրոցական կրթությունն իրականացվել է 193 խմբում, որոնցում ընդգրկված է եղել 4820 սան։
«Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 500 մանկապարտեզ և նախակրթարան» ծրագրում ՀՀ Գեղարքունիքի մարզից ընդգրկված է 47 հաստատություն, սակայն մեր կողմից իրականացվելիք աշխատանքների արդյունքում դրանք կարող են հասնել 58-ի, մասնավորապես՝ 30 մանկապարտեզ, 21 դպրոցահեն նախակրթարան և 7 նախակրթարան-կրթահամալիր։
Այսպիսով, 30 մանկապարտեզից 11-ում շինարարական աշխատանքներն ավարտվել են, համապատասխան գույքով համալրվել և շահագործման են հանձնվել։ Դրանք են Վարդենիս քաղաքի Բանավան թաղամասի, Աստղաձորի, Ծովասարի, Զոլաքարի, Ծովինարի, Երանոսի, Վարդենիկի թիվ 1, Ձորագյուղի, Սարուխանի թիվ 1, Գավառի թիվ 7, Ճամբարակի թիվ 3 մսուր- մանկապարտեզները։
Ավարտական փուլում են Բերդկունքի և Գեղամասարի մանկապարտեզների շինարարությունը, ընթացքի մեջ են Խաչաղբյուրի և Արծվանիստի մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքները։ 2025 թվականի սուբվենցիոն ծրագրում ընդգրկված է 8 մանկապարտեզ։ ՀՀ պետական բյուջեի միջոցներով շինարարական աշխատանքների իրականացման ծրագրում ընդգրկված են Մարտունի քաղաքի թիվ 4, Կարմիրգյուղի, Սևանի թիվ 3 և Ծովագյուղի մանկապարտեզները։
ՀՀ պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է նաև Ձորագյուղի մանկապարտեզի մեկ մասնաշենքի վերանորոգում, որի մյուս մասնաշենքի շինարարական աշխատանքներն ավարտվել են 2024 թվականին՝ սուբվենցիոն ծրագրով։ Նախատեսվում են նոր մանկապարտեզների կառուցում Սևան համայնքի Գագարին, Վարդենիս համայնքի Սոթք և Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրերում։ Ինչ վերաբերում է 21 դպրոցահեն նախակրթարաններին, ապա դրանցից 14-ում շինարարական աշխատանքներն ավարտված են, 5-ում ընթացքի մեջ են։ Միաժամանակ շինարարական աշխատանքների փուլում գտնվող Արփունքի, Շատվանի, Մաքենիսի, Կախակնի, Արեգունու, Փոքր Մասրիկի, Մադինայի կրթահամալիրներում նախատեսվում է ստեղծել նախակրթարաններ»,-ներկայացրեց մարզպետ Կարեն Սարգսյանը։