ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալթայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 4-ին հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլիի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները վերահաստատել են այս տարվա հունվարին երկու երկրների միջև հռչակված ռազմավարական գործընկերությամբ սահմանված ուղղություններով համատեղ ակտիվ աշխատանքի պատրաստակամությունը՝ միտված երկու հարևան երկրների ժողովուրդների բարեկեցության և տարածաշրջանում կայունության ապահովմանը:
Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը և Մակա Բոչորիշվիլին մտքեր են փոխանակել Եվրամիության հետ փոխգործակցության հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացվող քայլերը։
Նշվում է, որ Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները և ընդգծել Հայաստանի կողմից արտահայտված պատրաստակամությունն ավարտին հասցնել երկկողմ պայմանագրի համաձայնեցման և առանց արհեստական ձգձգումների ստորագրման աշխատանքները։