ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ ընդգծելով, որ նրա մանդատից հրաժարվելու հարցը խմբակցությունում քննարկման առարկա չի եղել, սակայն խմբակցությունից դուրս գալու հարցը կարող է քննարկվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին հայտարարեց լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Ընդհանրապես մանդատը թողնելու հարց չի եղել, բայց երբ խմբակցության պատգամավորներից մեկը կարծիքներ է ասում, որը խմբակցության մոտեցմանը հակառակ է, իհարկե, պետք է քննարկման առարկա դառնա։ Եթե համաձայն չի, կարծիքը փոխել է, ինքն ի վիճակի է նաև լքել խմբակցությունը։ Խմբակցությունը իրավունք ունի որոշ գործընթացներից հետո ուղղակի հեռացնել խմբակցությունից»,- ասաց Քոչարյանը։
Հարցին, թե արդյոք Գեղամ Նազարյանը մանդատից կհրաժարվի՞, Քոչարյանը պատասխանեց. «Մանդատից հրաժարվելու հարցը տվյալ դեպքում պատգամավորի բարոյական մոտեցումների հարց է։ Այդպիսի հարց մեր մոտ քննարկման առարկա չի եղել»։
Գեղամ Նազարյանը ավելի վաղ հայտարարել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարց այս պահին օրակարգում չկա։ Այս հայտարարությունն առաջացրել դժգոհություն նրա խմբակցության ներսում ։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հայտնել էր, որ խմբակցությունը կքննարկի Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը։