Արփինե Սարգսյանը և Վասիլիս Մարագոսը ձեռք են բերել ՀՀ ՆԳՆ ինստիտուցիոնալ բարեփոխումների շուրջ համագործակցությունն ընդլայնելու պայմանավորվածություն
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 27-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նախարարը բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ այն անվանելով ռազմավարական։ Արփինե Սարգսյանը նշել է փոխգործակցության արդյունքում կյանքի կոչված մի շարք նախագծեր, որոնք ընդգրկել են ինչպես նախարարության ձևավորման, այնպես էլ ենթակա ծառայությունների կատարելագործմանն ուղղված աշխատանքներ։
ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է Արփինե Սարգսյանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել՝ ընդգծելով ԵՄ կողմից շարունակական ու լիակատար աջակցության պատրաստակամությունը։ Վասիլիս Մարագոսը նույնպես ընդգծել է համագործակցության շնորհիվ կատարված մեծածավալ աշխատանքը և պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցությունը։
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել ընթացիկ և նախատեսվող ծրագրերին, համագործակցության հնարավոր ուղղություններին։
Հատուկ անդրադարձ է կատարվել վիզաների ազատականացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին։ Նշված ուղղությամբ ՆԳ նախարարության համակարգման կարևոր դերն ընդգծելով՝ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նախանշված ճանապարհային քարտեզին և թիրախային միջոցառումներին։
Նշվում է, որ կողմերը կարևորել են այս ուղղությամբ երկկողմ համատեղ և կայուն ջանքերի ներդրումը։
Ձեռք է բերվել Ներքին գործերի նախարարության ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու պայմանավորվածություն։