Միրզոյանը և Ռոզենկրանցը պայմանավորվել են դիտարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը խթանող հայ-շվեդական նոր նախաձեռնությունները
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 12-ին Ստոկհոլմում հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը, որն արտացոլվել է համագործակցության տարբեր ոլորտներում և ներկայումս բանակցվող Գործընկերության նոր օրակարգի նախագծում։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է վարչապետ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում արված հայտարարությունն առ այն, որ ՀՀ-ն պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի։ Նախարար Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է նաև Հայաստանի հասարակության շրջանում ԵՄ հետ գործընկերության խորացման շուրջ ակտիվ քննարկումների մասին։ Հայաստանի և Շվեդիայի նախարարները պայմանավորվել են դիտարկել երկու երկրների միջև փոխգործակցության նոր հնարավորություններ, նախաձեռնություններ, որոնք կարող են լրացուցիչ խթանել ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով։
Ըստ աղբյուրի՝ տարածաշրջանային անվտանգային զարգացումների համատեքստում նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում հիմնական զարգացումները։