Իրան

Իրանի դեսպանը հայ-իրանական սահմանին ավելի թողունակ կամրջի կառուցման անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

Իրանի դեսպանը հայ-իրանական սահմանին ավելի թողունակ կամրջի կառուցման անհրաժեշտություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հայ-իրանական սահմանին նոր, ավելի մեծ թողունակությամբ կամրջի կառուցման անհրաժեշտություն է տեսնում՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառության նախանշված ծավալին հասնելու համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանն այդ մասին ասաց Կապանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: 

«Արաքսի վրա գոյություն ունեցող  կամուրջը բավարար չէ, պետք է կառուցենք նորը, որպեսզի կարողանանք մեծացնել բեռնատարների թողունակությունը: Շատ աշխատանքներ ունենք իրականացնելու, և շատ վառ ապագա է սպասվում»,-ավելացրեց դեսպանը:

Սոբհանին անդրադարձավ նաև «Հյուսիս-հարավ» ճանապարհի Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման նշանակությանն ու կարևորությանը։ 

«Նախ ասեմ, որ մեր առևտրաշրջանառության ծավալը կազմում է 700 միլիոն դոլար, և երկու երկրների ղեկավարներն արդեն 3 միլիարդ դոլարի հասցնելու շեմ են սահմանել: Որպեսզի կարողանանք հասնել այդ նպատակին, պետք է ենթակառուցվածքներ ստեղծենք: Հետևաբար, շինարարական աշխատանքները կնպաստեն հասնելու այդ նպատակին: Երբ ավարտին հասնի Ագարակից Քաջարան 32 կիլոմետրանոց ճանապարհահատվածի կառուցումը, երթևեկության 1 ժամ 20 րոպե ժամանակահատվածը կկրճատվի՝ հասնելով 20 րոպեի: Կփոխվի նաև ճանապարհի լայնությունը՝ 6 մետրից դառնալով 18 մետր: Բնականաբար, ճանապարհի այդ հատվածում կկարողանանք խթանել տրանսպորտի երթևեկությունը, որից հետո Քաջարանի թունելի հարցն է լինելու, ինչպես նաև Քաջարանից Սիսիան 62 կիլոմետրանոց հատվածը»,-ասաց Սոբհանին՝ հավելելով, որ նշված ենթակառուցվածքների շինարարության արդյունքում ակնկալվում է բեռնատարների օրական քանակն ավելացնել մի քանի հարյուրով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում