ԳՈՐԻՍ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր զբոսայգի, դեպի հին Գորիս տանող նոր ճանապարհ, ավանդական ուտեստներ և տոնական մեծ համերգ. Գորիսում մեկնարկել է «Գորիսյան օրեր» միջոցառումը:
Տոնակատարությունների շրջանակում Հին Գորիսի ժայռերն առաջին անգամ լուսավորվեցին գեղարվեստական գունեղ լուսավորությամբ, ինչի շնորհիվ հանրությունն այսուհետ հնարավորություն կունենա վայելել գիշերային հին Գորիսը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տոնական միջոցառումները մեկնարկեցին Գորիսի Թումանյան փողոցի, Հին Գորիս տանող նոր ու բարեկարգ ճանապարհի և Վիեն նորակառույց զբոսայգու բացման արարողությամբ։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսը։
Վիեն զբոսայգու կառուցման ծրագիրը կյանքի է կոչվել ՀՀ կառավարության և Համշախահային բանկի համաֆինանսավորմամբ՝ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ և անվանակոչվել է արդեն շուրջ 30 տարի Գորիսի քույր քաղաք հանդիսացող Ֆրանսիայի Վիեն քաղաքի անունով։
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, ընդգծելով երկու քաղաքների արդեն 30 տարվա համագործակցության կարևորությունը, նշեց, որ սա հայ-ֆրանսիական բարեկամության և համերաշխության ևս մեկ կարևոր դրսևորում է։
Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի փոխնախագահ, Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսը նշեց, որ Գորիսի և Վիենի համագործակցությունը հրաշալի օրինակ է բոլորի համար։
«Այս քաղաքը առանձնանում է նրանով, որ Հայաստանի ամբողջ տարածքում ամենամեծ թվով ֆրանսախոսները հենց Գորիսում են։ Գորիսն ու Վիենը շատ նման են․ երկու քաղաքներն էլ հին պատմություն և կարևոր պատմամշակութային ժառանգություն ունեն, ինչպես նաև այդ ժառանգությունը պահպանելու, միասին աշխատելու և խաղաղությամբ ապրելու մեծ ցանկություն ունեն»,- նշեց Կովաքսը։
Նա ուրախությամբ նշեց, որ անցած տարի Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի և Սյունիքի մարզի միջև կնքվեց համաձայնագիր, որի շրջանակում որոշվել է, որ Սյունիքի բոլոր քաղաքները Օվերնյ-Ռոն-Ալպում ունենան քույր քաղաքներ։
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մեծ ուրախությամբ նշեց, որ Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի հետ մեկ տարի առաջ կնքած պայմանագրի շրջանակում արդեն մեկ տարի ինտենսիվ աշխատանքներ են տարվել, որպեսզի Սյունիքի բոլոր համայնքներն ունենան իրենց քույր քաղաքները Ֆրանսիայում և, Գորիսի առկա օրինակն էլ ավելի զարգացնելով, կարողանան ապակենտրոնացված համագործակցությունը հասցնել ամենաբարձր մակարդակի։
«Այս արդյունքին հասնելու համար ունեցել ենք բազմաթիվ փոխադարձ այցելություններ, իրականացվել են մի շարք ուսումնասիրություններ, որպեսզի համայնքները կարողանան իրենց համագործակցությունը հասցնեն ավելի բարձր մակարդակի։ Արդեն այս տարվա նոյեմբերին մենք կայցելենք Ֆրանսիայի Լիոն քաղաք, որտեղ համայնքների մակարդակում հուշագրեր կկնքվեն։ Այսինքն՝ մարզային մակարդակում հուշագիրը կնքեցինք Տաթև համայնքում, իսկ համայնքային մակարդակում՝ կկնքվի արդեն Ֆրանսիայում»,- ասաց Սյունիքի մարզպետը։
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն, անդրադառնալով քաղաքում ենթակառուցվածքների փոփոխությանը և նոր վերանորոգված փողոցներին, նշեց, որ իր և համայնքապետարանի համար դա առաջնային նշանակություն ունի։
«Նշեմ, որ նման միջոցառումներ Գորիսում անցկացվում են տարին մի քանի անգամ, որի շրջանակում էլ վերանորոգվում և շահագործման են հանձնվում մի քանի նման ճանապարհներ և այգիներ։ Մեզ համար հատկապես կարևոր է քաղաքի ծայրամասային փողոցների վերանորոգման հարցը, որպեսզի հնարավոր լինի ապահովել քաղաքի համաչափ զարգացումը»,- նշեց Առուշանյանը։
Միջոցառման շրջանակում տաղավարներում ցուցադրվեցին Գորիսի ավանդական ճաշատեսակները։ Առանձին տաղավարներում հյուրերը և միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան համտեսելու Գորիսի թոնրաճաշը (թոնրի հարիսա), քյուֆթան, սուտիկ տոլման, ճխթթուն և զանազան անուշահամ ուտեստներ։
Միջոցառումը եզրափակվեց տոնական համերգով։