ԳԱՎԱՌ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղի մանկապարտեզում անցկացվել է «Բերքի տոն» միջոցառումը, որին մասնակցել են մարզպետ Կարեն Սարգսյանը, համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, Ծովինարի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառումը կազմակերպել էին Ծովինարի մանկապարտեզի տնօրինությունն ու ծնողները։ Հյուրերին երաժշտական ողջույններով դիմավորել են Ծովինարի մշակույթի տան ինքնագործ խմբերի սաները։
Գյուղի մանկապարտեզի բակային տարածքում պատրաստված տաղավարներում բացված սեղանները ծանրաբեռնված են եղել աշնանային տեղական բերք ու բարիքներով, ազգային խոհանոցի զանազան ուտեստներով ու ճաշատեսակներով, ցուցադրության են ներկայացվել գյուղական կենցաղին վերաբերող աշխատանքային տարբեր գործիքներ։
Մանկապարտեզի սաներն իրենց ունակություններն են ցուցադրել հացաթխման, ճաշեր ու այլ ուտեստներ պատրաստելու գործողություններում։
Միջոցառման ավարտին Կարեն Սարգսյանը ծանոթացել է նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգված մանկապարտեզի շենքային պայմաններին, աշխատանքային առօրյային։
Ծովինարի մանկապարտեզի շենքի հիմնանորոգումն ընթացել է չորս փուլով՝ 2019-2022 թվականների ընթացքում։
Հիմնանորոգման ու գույքի ձեռքբերման աշխատանքների համար ներդրված ընդհանուր գումարը կազմել է 137 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ գյուղի համայնքապետարանը։
Ծովինարի մանկապարտեզը վերաբացվել է 2024 թվականի մայիսին՝ շուրջ քսան տարվա դադարից հետո։ Այժմ մանկապարտեզ է հաճախում 75 սան։
«Ծովինարի մանկապարտեզն իր գործունեությունը դադարեցրել էր 2004 թվականից՝ շենքային ու աշխատանքային անբավարար պայմանների պատճառով։ Հիմա արդեն ունենք բոլորովին այլ պատկեր՝ ժամանակակից ու բարվոք պայմաններով հանդերձ։ Իսկ այս միջոցառումը ցույց տվեց, թե մանկապարտեզում ինչ հիմքերի վրա են դրված ուսումնադաստիարակչական աշխատանքները։
Այսօր ես ծնողների, մանկապարտեզի սաների ու դաստիարակների աչքերում վառ արտահայտված ժպիտներ տեսա, ինչն արդեն ուրախացնում ու ոգևորում է բոլորիս»,-այցի ավարտին իր տպավորություններն է ներկայացրել մարզպետ Կարեն Սարգսյանը։
Խոսրով Խլղաթյան