Աշխարհ

Հնդկաստանի ԱԳՆ-ն Թրյուդոյին մեղադրել է Նյու Դելիի և Օտտավայի հարաբերություններին վնաս հասցնելու մեջ

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի ԱԳՆ-ն Թրյուդոյին մեղադրել է Նյու Դելիի և Օտտավայի հարաբերություններին վնաս հասցնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան Հնդկաստանին որևէ ապացույց չի ներկայացրել այն մեղադրանքների վերաբերյալ, որոնք առաջադրվել են հնդիկ դիվանագետների դեմ, իսկ երկու երկրների հարաբերություններին հասցված վնասի պատասխանատվությունն, ըստ հնդկական կողմի, ընկած է բացառապես Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի վրա:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է Հնդկաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ռանդհիր Ջայսվալը։

«Կանադան մեզ որևէ ապացույց չի ներկայացրել՝ հիմնավորելու այն լուրջ մեղադրանքները, որոնք նա որոշել է առաջադրել Հնդկաստանի և հնդիկ դիվանագետների դեմ», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

«Վնասի պատասխանատվությունը, որն այդ անպատշաճ  գործելակերպը հասցրել է հնդկականադական հարաբերություններին, բացառապես ընկած է վարչապետ Թրյուդոյի վրա», - նշել է պաշտոնյան:

Հարաբերությունների սրման ֆոնին երկու երկրներն արտաքսել են վեցական բարձրաստիճան դիվանագետների։

Երկու երկրների միջև հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 2023 թվականին հայտարարեց, որ «հստակ» վկայություններ ունի, որոնք ցույց են տալիս «Հնդկաստանի կառավարության գործակալների առնչությունը» երկրում սիկհ առաջնորդ Հարդիփ Սինգհ Նիջարի սպանությանը, ինչպես նաև այնպիսի գործողություններին, որոնք «զգալի սպառնալիք են ներկայացնում հասարակական անվտանգության համար»։ 

Հոկտեմբերի 14-ին Հնդկաստանի ԱԳՆ-ն հրապարակել է հայտարարություն, որով անհեթեթ է անվանել և կտրուկ ժխտել Կանադայի մեղադրանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում