ԳՅՈՒՄՐԻ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական առաջատար բուհերն իրենց կրթական ծրագրերը hոկտեմբերի 10-11-ը ներկայացնում են հանրապետության երկրորդ քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Կրթությունը Ռուսաստանում. Գյումրի-2024» կրթական ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գյումրիի քաղաքապետարանի աջակցությամբ:
ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը ցուցահանդեսի բացմանը նշեց, որ կրթական ոլորտում համագործակցության զարգացում կա երկու երկրի միջև։ «Ունենք շուրջ 5000 հայաստանցի ուսանող, որոնք սովորում են ՌԴ-ում, այդ թվում՝ անվճար հիմունքներով, ՌԴ կառավարության միջոցներով։ Ի դեպ, Ռուսաստանի կառավարության տրամադրած քվոտաներն անվճար կրթության համար ամեն տարի ավելանում են»,-նշեց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Ցուցահանդեսին մասնակցում են ՌԴ տնտեսական զարգացման նախարարության Արտաքին առևտրի համառուսաստանյան ակադեմիան, «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտը, Հյուսիսային Կովկասի դաշնային համալսարանը, Մ. Ի. Պլատովի անվան Հարավային Ռուսաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանը և այլ բուհեր։
Արմենուհի Մխոյան