ՄԻՆՍԿ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը
պաշտոնապես Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարել է երկրի նախագահի՝ մարտի 19-ին
կայացած ընտրությունների հաղթող:
Բելառուսի ԿԸՀ-ն հրապարակել է նախագահական ընտրությունների պաշտոնական
արդյունքները: Պետության գործող ղեկավարի օգտին քվեարկել է ընտրողների 83
տոկոսը, ընդդիմության միասնական թեկնածու Ալեքսանդր Միլինկեւիչի օգտին՝ 6,1
տոկոսը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Սերգեյ Գայդուկեւիչի
օգտին՝ 3,5 տոկոսը, իսկ բելառուս սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Ալեքսանդր
Կոզուլինի օգտին՝ 2,2 տոկոսը:
Նախագահական ընտրություններին մասնակցությունը կազմել է 92,9 տոկոս:
Նախագահի պաշտոնակալման արարողությունը կկայանա մարտի 31-ին:
Մինչդեռ Մինսկի Օկտյաբրսկայա հրապարակում շարունակվում է ընդդիմության
կողմնակիցների հանրահավաքը, որն արտոնված չէ իշխանությունների կողմից: Դրա
մասնակիցները բողոքում են կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների
պաշտոնական արդյունքների դեմ, դրանք համարում են կեղծված եւ պահանջում են
անցկացնել կրկնական ընտրություններ: Նրանք այսօր ստորագրահավաք են սկսել
Բելառուսի նախագահի նոր ընտրություններ անցկացնելու պահանջով:
Յուրաքանչյուրը կարող է ստորագրել «Բելառուսի նախագահի 2006 թվականի
ընտրությունները համարում եմ կեղծված: Պահանջում եմ անցկացնել
վերընտրություններ Բելառուսի Հանրապետության ընտրական օրենսգրքին
համապատասխանե դիմումի տակ: