Մեր բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է. ՀՀ վարչապետ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն  Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում ներկա է գտնվել   «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր Սմարթ կենտրոնի կառուցման հիմնարկեքի և ՔՈԱՖ Սմարթ ավանի առաջին կառույցի՝ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնի բացման արարողությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը ողջունել է ներկաններին,  շնորհակալություն հայտնել ՔՈԱՖ հիմնադրամին և բարերար Յուրեջյան ընտանիքին այս նախաձեռնության համար: Կառավարության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է սփյուռքի և Հայաստանի Հանրապետության հարաբերություններում առկա որոշակի նրբություններին:

«Այդ հարաբերությունները պետք է փոփոխվեն, քանի որ այսօր ՀՀ-ի օրակարգն ու կարիքները փոխվել են, և այստեղ յուրաքանչյուրը կարող է իր աշխատանքով հաց վաստակել»,- նշել է նա:

Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝  սփյուռքի և Հայաստանի համագործակցության կամ սփյուռքի ներուժի օգտագործման նոր մոդելն այն է, որ  սփյուռքը Կառավարության, այլ կազմակերպությունների հետ օգնում, հարթակ է ստեղծում, որ մարդիկ կարողանան հաց վաստակելու նոր հմտություններ ձեռք բերել: 

«Այս մոդելն արդեն իսկ իրեն արդարացրել է, ես ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության համար»,- ասել է վարչապետը: 

Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է կրթության և գիտելիքի կարևորությունը. 

«Ես ուզում եմ անդրադառնալ հույսի մասին այն կարևոր խոսքերին, որ այս ամբիոնից հնչեց: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է ընկած հույսի և հուսահատության արանքում: Իմ համոզմամբ՝ հույսի և հուսահատության արանքում միայն մի բան կա՝ կրթությունն ու գիտելիքը:  Ընդ որում` սա վերաբերում է և՛ անհատին, և՛ ազգին, և՛ պետությանը, որովհետև հույսը կամ հուսահատությունը սեփական իրադրությունը կառավարելու անընդունակությունն է կամ կարողությունների պակասությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն այդ առումով կարևորել է Սմարթ կենտրոնների գործունեությունը, որովհետև այդ նախաձեռնություններն օգնում են մարդկանց գիտելիքներ ձեռք բերել: Կառավարության ղեկավարն արձանագրել է՝ և՛ պետական, և՛ անհատական, և՛ ազգային, և՛ համայնքային մակարդակում ցանկացած ճգնաժամ, պրոբլեմ գիտելիքի պակասից է.

«Մենք՝ որպես անհատ, որպես ազգ, որպես պետություն ունենք կրթվելու կարիք, և մեր բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է: Չեմ ուզում որևէ մեկի մոտ տպավորություն ստեղծվի, որ մեզ մեղադրում եմ անկիրթ լինելու մեջ: Ամենևին դրա մասին չէ խոսքը, որովհետև կարծում եմ՝ նախ կրթությունը երբեք շատ ու բավարար չի լինում, և երկրորդ՝ կրթության անհրաժեշտությունը և առաջնահերթությունն ընդգծելը կրթված լինելու ամենաառաջնային չափանիշն ու ցուցանիշն է», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:     

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրա: 

Արմավիրում Սմարթ կենտրոնի կառուցման, ինչպես նաև Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնի հիմնման նպատակներից է ստեղծել կրթական հավասար հնարավորություններ մարզի բնակիչների համար։ Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները և դասավանդման նորարարական մեթոդաբանությունը՝ Սմարթ կենտրոնը երեխաներին և երիտասարդներին ոչ ֆորմալ անվճար կրթության հնարավորություններ կառաջարկի: Իսկ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնը կմատուցի տարբեր տարիքային խմբերի երեխաների զարգացման, հոգեբանական, լոգոպեդական և սոցիալական աշխատանքի համապարփակ ծառայություններ։ 

 

Հայերեն English Français Русский

Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը