ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արմավիրի մարզի Մյասնիկյան բնակավայրում ներկա է գտնվել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) նոր Սմարթ կենտրոնի կառուցման հիմնարկեքի և ՔՈԱՖ Սմարթ ավանի առաջին կառույցի՝ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնի բացման արարողությանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը ողջունել է ներկաններին, շնորհակալություն հայտնել ՔՈԱՖ հիմնադրամին և բարերար Յուրեջյան ընտանիքին այս նախաձեռնության համար: Կառավարության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է սփյուռքի և Հայաստանի Հանրապետության հարաբերություններում առկա որոշակի նրբություններին:
«Այդ հարաբերությունները պետք է փոփոխվեն, քանի որ այսօր ՀՀ-ի օրակարգն ու կարիքները փոխվել են, և այստեղ յուրաքանչյուրը կարող է իր աշխատանքով հաց վաստակել»,- նշել է նա:
Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝ սփյուռքի և Հայաստանի համագործակցության կամ սփյուռքի ներուժի օգտագործման նոր մոդելն այն է, որ սփյուռքը Կառավարության, այլ կազմակերպությունների հետ օգնում, հարթակ է ստեղծում, որ մարդիկ կարողանան հաց վաստակելու նոր հմտություններ ձեռք բերել:
«Այս մոդելն արդեն իսկ իրեն արդարացրել է, ես ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել այս նախաձեռնության համար»,- ասել է վարչապետը:
Այդ համատեքստում վարչապետն ընդգծել է կրթության և գիտելիքի կարևորությունը.
«Ես ուզում եմ անդրադառնալ հույսի մասին այն կարևոր խոսքերին, որ այս ամբիոնից հնչեց: Մենք պետք է հասկանանք, թե ինչ է ընկած հույսի և հուսահատության արանքում: Իմ համոզմամբ՝ հույսի և հուսահատության արանքում միայն մի բան կա՝ կրթությունն ու գիտելիքը: Ընդ որում` սա վերաբերում է և՛ անհատին, և՛ ազգին, և՛ պետությանը, որովհետև հույսը կամ հուսահատությունը սեփական իրադրությունը կառավարելու անընդունակությունն է կամ կարողությունների պակասությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն այդ առումով կարևորել է Սմարթ կենտրոնների գործունեությունը, որովհետև այդ նախաձեռնություններն օգնում են մարդկանց գիտելիքներ ձեռք բերել: Կառավարության ղեկավարն արձանագրել է՝ և՛ պետական, և՛ անհատական, և՛ ազգային, և՛ համայնքային մակարդակում ցանկացած ճգնաժամ, պրոբլեմ գիտելիքի պակասից է.
«Մենք՝ որպես անհատ, որպես ազգ, որպես պետություն ունենք կրթվելու կարիք, և մեր բոլոր պրոբլեմների լուծման բանալին կրթությունն է: Չեմ ուզում որևէ մեկի մոտ տպավորություն ստեղծվի, որ մեզ մեղադրում եմ անկիրթ լինելու մեջ: Ամենևին դրա մասին չէ խոսքը, որովհետև կարծում եմ՝ նախ կրթությունը երբեք շատ ու բավարար չի լինում, և երկրորդ՝ կրթության անհրաժեշտությունը և առաջնահերթությունն ընդգծելը կրթված լինելու ամենաառաջնային չափանիշն ու ցուցանիշն է», - ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կենտրոնանալով մասնավորապես երեխաներին և երիտասարդներին վերաբերող ծրագրերի ու կարիքների վրա:
Արմավիրում Սմարթ կենտրոնի կառուցման, ինչպես նաև Երեխայի և ընտանիքի նոր կենտրոնի հիմնման նպատակներից է ստեղծել կրթական հավասար հնարավորություններ մարզի բնակիչների համար։ Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաները և դասավանդման նորարարական մեթոդաբանությունը՝ Սմարթ կենտրոնը երեխաներին և երիտասարդներին ոչ ֆորմալ անվճար կրթության հնարավորություններ կառաջարկի: Իսկ Յուրեջյանի անվան Երեխայի և ընտանիքի կենտրոնը կմատուցի տարբեր տարիքային խմբերի երեխաների զարգացման, հոգեբանական, լոգոպեդական և սոցիալական աշխատանքի համապարփակ ծառայություններ։