Քաղաքականություն

Միրզոյանը Կոնդովին է ներկայացրել Բուլղարիա ՀՀ քաղաքացիների այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները

2 րոպեի ընթերցում

Միրզոյանը Կոնդովին է ներկայացրել Բուլղարիա ՀՀ քաղաքացիների այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում սեպտեմբերի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասմբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի ԱԳ նախարար Իվան Կոնդովի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հարաբերությունների ընդլայնման հարցեր՝ թե՛ քաղաքական երկխոսության խորացման, թե՛ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացման միջոցով: 

Ի թիվս այլ ոլորտների, առանձնանշվել է տնտեսական և զբոսաշրջության զարգացման ուղղությամբ սերտ համագործակցության կարևորությունը: Այս համատեքստում նախարար Միրզոյանը ներկայացրել է Բուլղարիա ՀՀ քաղաքացիների այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները՝ կարևորելով դրանց հասցեագրումն ի նպաստ մարդկանց միջև շփումների հետագա խթանման:

Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը նաև գոհունակությամբ նշել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և դրանից դրական ակնկալիքները: Ինչպես նաև անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի այլ թեմաների:

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանը միտված նախագծերը: Այս համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին: 

Նշվում է, որ ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջն է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ՀՀ տեսլականը, այդ թվում նաև՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման մասով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում