Ռուսաստան

Կրեմլում Ռուսաստանի միջուկային դոկտրինի փոփոխություններն անվանել են ազդանշան ոչ բարեկամական երկրների համար

3 րոպեի ընթերցում

Կրեմլում Ռուսաստանի միջուկային դոկտրինի փոփոխություններն անվանել են ազդանշան ոչ բարեկամական երկրների համար

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի միջուկային դոկտրինում փոփոխությունները, որոնց մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, միանշանակ ազդանշան են ոչ բարեկամական երկրների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա պետք է դիտարկել որպես որոշակի ազդանշան», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը։

Պեսկովին նաև խնդրել են ձևակերպել, թե ինչ ազդանշան է ուղարկում Ռուսաստանը ոչ բարեկամական երկրներին։

«Սա ազդանշան է, որը զգուշացնում է այդ երկրներին հետևանքների մասին, եթե նրանք մասնակցեն մեր երկրի վրա հարձակմանը տարբեր միջոցներով, ընդ որում՝ ոչ անպայման միջուկային», - պատասխանել է Պեսկովը։

Նա նշել է, որ թեև հայտարարված փոփոխությունները դեռ չեն փոխել իրավիճակը աշխարհում, սակայն բոլորը քաջատեղյակ են Ռուսաստանի միջուկային ներուժից։ 

«Ոչ, այն դեռ չի սկսել ազդել։ Իրականում ողջ աշխարհը քաջատեղյակ է, և խելամիտ մարդիկ քաջատեղյակ են մեր միջուկային ներուժից և դրա զսպող դերից։ Իհարկե, միջուկային զսպումը ճշգրտվում է՝ հաշվի առնելով այն լարվածության տարրերը, որոնք զարգանում են մեր սահմանների պարագծով», - ասել է Պեսկովը։

Նա չի պատասխանել այն հարցին, թե երբ կհրապարակվեն միջուկային դոկտրինում կատարված փոփոխությունները։

Պեսկովը վստահություն է հայտնել, որ ոչ միայն այս անգամ, այլև նախկինում խելամիտ արևմտյան քաղաքական գործիչները հասկացել և հասկանում են ՌԴ նախագահի հայտարարությունների լրջությունը։ 

«Հատկապես, երբ խոսքը գնում է նման աննախադեպ առճակատման մասին, որը հրահրվել է Ուկրաինայի շուրջ հակամարտությունում արևմտյան երկրների, այդ թվում՝ միջուկային տերությունների անմիջական ներգրավմամբ», - ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է երկրի միջուկային դոկտրինի մի շարք դրույթների թարմացման մասին։ Թարմացված փաստաթղթում ՌԴ նախագահն առաջարկել է նշել, որ ագրեսիան ցանկացած ոչ միջուկային պետության կողմից, բայց միջուկային պետության մասնակցությամբ, պետք է դիտարկել որպես նրանց համատեղ հարձակում Ռուսաստանի վրա։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում