ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության կայքում հրապարակված հեռագրից, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված հեռագրում ասված է.
«Ձերդ Վսեմություն,
Ցնցված եմ Իրանի Խորասան նահանգի ածխահանքում տեղի ունեցած ողբերգական դեպքից, որի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ:
Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի անունից ցավակցում եմ Ձեզ ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով տոկունություն և համբերություն:
Շուտափույթ կազդուրում եմ ցանկանում բոլոր վիրավորներին»:
Իրանի նախագահին ուղղված ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն,
Մեծ ցավով տեղեկացա ԻԻՀ Խորասան նահանգում տեղի ունեցած ողբերգական պայթյունի և բազմաթիվ անձանց զոհվելու մասին:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ և պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:
Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում է այս ցավը բարեկամ Իրանի հետ»:
Իրանի Հարավային Խորասան նահանգի Թաբաս քաղաքի ածխահանքում պայթյունի հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, իսկ 17-ը՝ վիրավորվել: Պայթյունի մասին հայտնի է դարձել սեպտեմբերի 22-ին։