Վահան Կոստանյանը ՄԱԿ Ապագայի գագաթնաժողովում ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող կրթական համակարգի բարեփոխումները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը սեպտեմբերի 20-ին Նյու Յորքում մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում անցկացված՝ «Հզորացնելով երիտասարդությունը կայուն ապագայի համար. միջսերնդային պատասխանատվություն և հմտություններ արդար փոխակերպման համար» խորագրով հարակից միջոցառմանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը՝ հավելելով, որ միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի, Կիպրոսի, Հնդկաստանի և Պորտուգալիայի աջակցությամբ։
Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերը «կանաչ» կրթության միջոցով շրջակա միջավայրի պաշտպանության և հասարակությանը «կանաչ փոխակերպման» վերաբերյալ իրազեկելու և ներգրավելու ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ Վահան Կոստանյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող կրթական համակարգի բարեփոխումները՝ ուղղված երիտասարդ սերնդին որակյալ կրթությամբ ապահովելու նպատակով անհրաժեշտ պայմաններ ստեղծելուն:
«Կարևորելով պետական-մասնավոր գործընկերությունը՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է նորարարական և «կանաչ կրթություն» ապահովող մի շարք կրթական նախաձեռնություններ՝ «ԹՈՒՄՈ» նորարարական տեխնոլոգիաների կենտրոնը, «Արմաթ» լաբորատորիաները և «Generation AI» կրթական ծրագիրը», - հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: