Քաղաքականություն

Եվրահանձնաժողովի փոխնախագահը կժամանի Երևան՝ սկսելու վիզաների ազատականացման շուրջ քաղաքական երկխոսությունը

2 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի փոխնախագահը կժամանի Երևան՝ սկսելու վիզաների ազատականացման շուրջ քաղաքական երկխոսությունը

ԲՐՅՈՒՍԵԼ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը սեպտեմբերի 9-ին կժամանի Երևան՝ վիզաների ազատականացման շուրջ քաղաքական երկխոսությունը սկսելու համար։  

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովից տեղեկացրել են, որ փոխնախագահ Սխինասը հանդիպումներ կունենա  նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը, ԵՄ-ի և Հայաստանի միջև ծրագրային գործընկերության այլ ոլորտները։  

Եվրահանձնաժողովի հրապարակած հաղորդագրության մեջ նշված է, որ վիզաների ազատականացման շուրջ քաղաքական երկխոսության մեկնարկը` փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ, ուժեղ ազդանշան է ԵՄ-ի և նրա անդամ երկրների կողմից ԵՄ-ի և Հայաստանի միջև առանց այն էլ ամուր գործընկերության խորացման վճռականության մասին: 

Երկխոսության նպատակն է վերացնել վիզայի պահանջը ՀՀ քաղաքացիների համար ԵՄ-ում կարճաժամկետ մնալու պարագայում։ Դա հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները էական բարեփոխումներ իրականացնեն այնպիսի հիմնական ոլորտներում, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, սահմանների կառավարումը, տեղաշարժի ազատության հետ կապված հիմնարար իրավունքները և մի շարք այլ ոլորտներում։ 

«Ինչպես ցույց է տվել երրորդ երկրների հետ ունեցած փորձը, Հայաստանի հետ այս երկխոսությունը բազմամյա գործընթաց է լինելու, որը կիրականացվի ԵՄ անդամ երկրների հետ սերտ համագործակցությամբ՝ բարեփոխումների առաջընթացը և զարգացումները վերահսկելու նպատակով։ Փոխնախագահն իր այցի ընթացքում քննարկում կունենա նաև Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններում վերջին շրջանում գրանցված զգալի առաջընթացի և ընդհանուր արժեքների հիման վրա այդ հարաբերությունների խորացման հեռանկարների շուրջ»,- ասված է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ։ 

Լիլիթ Գասպարյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում