Քաղաքականություն

Բուլղարիայի նախագահ Ռադևը Հայաստանի դեսպան Եդիգարյանին պարգևատրել է «Մադարյան ձիավոր» առաջին աստիճանի շքանշանով

3 րոպեի ընթերցում

Բուլղարիայի նախագահ Ռադևը Հայաստանի դեսպան Եդիգարյանին պարգևատրել է «Մադարյան ձիավոր» առաջին աստիճանի շքանշանով

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանին նախագահականի Զինանշանի սրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ պարգևատրել է «Մադարյան ձիավոր» առաջին աստիճանի շքանշանով։ Պետական մրցանակը շնորհվում է դիվանագետին՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուլղարիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը հայտնում է, որ նախագահ Ռադևն իր անձնական գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Բուլղարիայի միջև անկեղծ բարեկամության և արդյունավետ համագործակցության գերազանց հարաբերությունների կապակցությամբ։ «Իր պաշտոնավարման ընթացքում դեսպան Եդիգարյանը հետևողական ջանքեր է գործադրել այդ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ չնայած COVID-19 համաճարակի և տարածաշրջանային և գլոբալ բնույթի ճգնաժամերի կողմից պարտադրված մի շարք օբյեկտիվ դժվարությունների։ Բայց կարևորն այն է, որ երկխոսությունը, հարաբերությունները, շփումները քաղաքական ամենաբարձր մակարդակով պահպանվեցին, և 2022 թ․ մենք նշեցինք մեր երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը», - ասել է պետության ղեկավարը։

Ըստ աղբյուրի՝ Ռադևը նշել է, որ 2022-ի աշնանը պետական այցով Բուլղարիայում է եղել Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը, իսկ այս տարի՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նախագահն ընդգծել է, որ դեսպան Եդիգարյանի օրոք երկու երկրների միջև առկա է եղել առևտրատնտեսական հարաբերությունների լուրջ զարգացում, հատկապես 2022 թ․-ից հետո, երբ դրանք աճել են ավելի քան 50%-ով, և այդ միտումը պահպանվում է ժամանակի ընթացքում։ Նա մեկնաբանել է, որ Երևանի և Սոֆիայի միջև շաբաթական երկու անգամ մշտական ավիաչվերթի բացումը չափազանց կարևոր քայլ է այս ուղղությամբ, ինչպես նաև Հայաստանի և Բուլղարիայի միջև Առևտրի պալատի ստեղծման արձանագրությունը։ Նրա խոսքով՝ ներուժը հսկայական է, և դա Եվրոպայի և Ասիայի միջև տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի ընդլայնման համատեքստում է։

Նշվում է, որ դեսպան Եդիգարյանը նման բարձր պարգևատրման կապակցությամբ իր շնորհակալությունն է հայտնել բուլղարերեն։ «Գրեթե չորս տարի առաջ այս շենքում ես հաճույք ունեցա ներկայացնելու իմ հավատարմագրերը, երբ այս ընթացքում մեր տարածաշրջանը ողբերգական պատերազմի մեջ ընկավ Լեռնային Ղարաբաղում աղետալի հետևանքներով, և չմոռանանք նաև COVID-19-ի հետ կապված խնդիրները, նաև այն, որ 2021-ի ապրիլից մի քանի ընտրություններ են եղել, որոնք անորոշություն են ստեղծել օտարերկրյա գործընկերների հետ գործնական համագործակցության հարցում»,- ասել է ՀՀ դեսպանը։ - «Այս ֆոնին մենք հաջողություն ենք քաղել մեր բարձր դիվանագիտական երկխոսության մեջ, քանի որ այն շարունակվում է ընթանալ անխոչընդոտ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում