ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը կարևորում է վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացումը և դրանց կիրառության լայն տարածումը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միջազգային արբիտրաժային երկրորդ կոնֆերանսում իր ելույթում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Արդեն երկրորդ տարին է, ինչ կազմակերպվում է այս աննախադեպ մեծ միջազգային արբիտրաժային շաբաթը, որի կապակցությամբ ողջունում եմ բոլոր մասնակիցներին և հյուրերին: Ցանկանում եմ նաև հատուկ ընդգծել կոնֆերանսի կազմակերպիչների ու աջակիցների աշխատանքը․ առանց ձեր ջանքերի, ներգրավվածության և նվիրվածության այս միջոցառումն այսօր իրականություն չէր դառնա»,- ասաց Մինասյանը։
Նրա խոսքով՝ տարիներ շարունակ կառավարության ուշադրության կենտրոնում և բարեփոխումների օրակարգում են այնպիսի կարևոր ոլորտներ, ինչպիսիք են արբիտրաժն ու հաշտարարությունը:
«Եվ արդեն այսօր մենք հպարտությամբ կարող ենք նշել, որ երկարատև ջանքերի արդյունքում ստեղծվել է պրոֆեսիոնալ կառույց՝ Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը, որը հիմնական դեր պետք է ստանձնի վեճերի այլընտրանքային լուծման եղանակների զարգացման գործում: Դեռևս անցած տարի այս օրը մենք այստեղ քննարկում էինք, որ ԱՄԿԱ-ն պետք է դառնա վեճերի այլընտրանքային լուծման եղանակների ոլորտում առաջատար կառույց և իր գործունեությամբ կայացնի և զարգացնի արբիտրաժի և հաշտարարության մշակույթը Հայաստանում:
Այսօր արձանագրում ենք, որ կարճ ժամանակում ԱՄԿԱ-ն արդեն իսկ գրանցել է իր առաջին մեծ գործերը և համոզված ենք, որ Արբիտրաժային կենտրոնին արդեն լրիվ նոր մակարդակի ձեռքբերումներ են սպասվում: Այս հարցում կարևորում ենք կենտրոնին աջակցող և դրա կայացման գործում ներգրավված բոլոր կառույցների, միջազգային գործընկերների, արբիտրաժային խորհրդի, մեր արբիտրների և հաշտարարների ներդրումը»,- ընդգծեց նախարարը։
Ըստ նախարարի՝ կառավարությունը նոր թափ է հաղորդել նաև հաշտարարության ոլորտին: Մինասյանը նշեց, որ նախարարության և միջազգային գործընկերների ջանքերով որակավորվել են շուրջ 80 հաշտարարներ, որոնք իրենց մասնագիտական ներդրումն են ունենալու Հայաստանում հաշտարարության կայացման գործում:
«Բնականաբար, աչքաթող չենք արել նաև օրենսդրական բարեփոխումները: Օրինակ՝ արբիտրաժի ոլորտում ներպետական որոշ գործերով հնարավորություն ենք ընձեռել արբիտրաժային վճիռն անմիջապես ուղարկել հարկադիր կատարման՝ առանց դատարան գնալու, գումարի բռնագանձման որոշ գործեր դատարաններից վերապահվել են վեճերի այլընտրանքային լուծման մարմիններին` նպատակ ունենալով նաև թոթափել դատարանների բեռը: Բացի այդ, արբիտրաժային վճիռների չեղարկման և կատարման վարույթների համար նախատեսել ենք ավելի կարճ ժամկետներ, հստակեցրել ենք արբիտրների բացարկի հիմքերը և օրենսդրական բազմաթիվ այլ փոփոխություններ կատարել, որոնք կնպաստեն այս կարևոր ուղղության գրավչության բարձրացմանը»,- ասաց Մինասյանը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ հաշտարարության ոլորտում օրենքով առաջին անգամ ընտանեկան որոշ գործերով ներդրվել է պարտադիր հաշտարարության ինստիտուտը, սահմանվել են առցանց հաշտարարության իրականացման կառուցակարգերը:
«Բացի այդ, արդեն այս տարի կմեկնարկենք Սինգապուրի կոնվենցիայի վավերացման գործընթացները, ինչը նոր էջ կբացի միջազգային հաշտարարության կայացման գործում: Այս ամենը վկայում է մեր միտումը՝ ունենալ բարեփոխված դատական և իրավական համակարգ, որտեղ վեճերի այլընտրանքային լուծման կայացած 2 համակարգերը իրենց կայուն և կարևոր տեղը պիտի ունենան»,- հավելեց Մինասյանը։
Ամփոփելով ելույթը՝ նախարարը վստահություն հայտնեց, որ այսօրվա միջոցառումը և դրան հաջորդող արբիտրաժային շաբաթի մյուս միջոցառումները հարթակ կծառայեն արժեքավոր գաղափարների գեներացման համար, որոնք կարող են կարևոր նյութ հանդիսանալ ոլորտի հետագա զարգացման համար ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: