Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է ԱԺ-ում կայուն մեծամասնության սկզբունքի վերացմանը, բայց ոչ 2026-ի ընտրություններին ընդառաջ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է վերացնել խորհրդարանական կայուն մեծամասնության սահմանադրական պահանջը, սակայն դեմ է այդ փոփոխությունները իրականացնել 2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհուրդը նման որոշում կայացրեց սեպտեմբերի 19-ի նիստին։
2026 թվականի Ազգային ժողովի ընտրություններից ընդառաջ այդ փոփոխությունը իրականացնելու առաջարկին կողմ էր քվեարկել խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիական միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և փաստաբան Տիգրան Եգորյանը։
Քվեարկությունից առաջ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրեց, որ խորհուրդը աշխատում է նոր Սահմանադրության տրամաբանության ներքո և տրամաբանական չի համարում Սահմանադրության հատվածական փոփոխությունը։
«Արդյոք մենք ուզում ենք հրաժարվել կայուն քաղաքական մեծամասնության կարգավորում։ Այո, ուզում ենք։ Բայց արդյոք մենք ուզում ենք դա անել հիմա՝ առանց կոմպլեքս սահմանադրությունը դիագնոստիկա անելու։ Ոչ, չենք ուզում և ի սկզբանե չենք էլ ուզել։ Սա է իմ դիրքորոշումը»,- ընդգծեց նախարարը։
Կայուն մեծամասնության դրույթից հրաժարվելու առաջարկով է հանդես եկել խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիական միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը։
Իոաննիսյանն առաջարկում է 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որևէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարվում ձևավորված և չի ունենում առաջին նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա: Իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձևավորվում ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս կոալիցիա կազմելու հարցում, հանրապետության նախագահը նշանակում է նոր ընտրություններ։