ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը և Եվրաջասթը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանի Հանրապետության քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագրի իրականացման վերաբերյալ աշխատանքային պայմանավորվածություն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաստաթուղթը ստորագրեցին ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը:
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն իր խոսքում մասնավորապես ընդգծել է. «Երախտագիտությամբ ընդգծում եմ Համագործակցությունը Համաձայնագրով հաստատելու հարցում Եվրոպական միության երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը, շնորհակալություն եմ հայտնում հետևողական քայլերի համար: Առանձնահատուկ ընդգծումով շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությանը, ինչպես նաև այս օրն իրականություն դարձնելու գործում իրենց ավանդն ունեցած՝ օրենսդիր, գործադիր և դատական մարմինների մեր բոլոր գործընկերներին: Շնորհավորում եմ բոլորիս, մաղթում արդյունավետ համատեղ աշխատանք»:
«Այսօր մենք ամփոփում ենք Եվրաջասթի հետ համաձայնագրի կարևորագույն փուլը, այսինքն՝ մենք ունենք հողի վրա աշխատանքների իրականացման բուն գործընթաց: Սրանով մեր անդրազգային հանցավորության դեմ պայքարը բերում ենք մի նոր մակարդակի: Դա նշանակում է համագործակցություն առաջատար կառույցների, պայքար հանցավորության դեմ լրիվ նոր գործիքակազմով»,–ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:
Ըստ նրա՝ այս փաստաթուղթը դատաիրավական բարեփոխումների շրջանակում ապացույցն է, թե կառավարությունն ինչքան աշխատանք է իրականացրել: Ըստ նախարարի՝ եվրոպական կառույցների հետ աշխատանքների հաստատման տարի էր: Դրանք ապացուցում են, որ կառավարության որդեգրած քաղաքականությունը՝ իրականացնել աշխատանք, որը միտված է դատաիրավական համակարգը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցմանը, տալիս է իր արդյունքը:
«Այս համաձայնագրի կիզակետն է տվյալների փոխանակումը: Մեր գործընկերները, բոլոր գերատեսչությունները պետք է այս նոր նշաձողին ձգտեն, այսինքն՝ մեր տվյալները, բազան այնպիսի չափանիշների համապատասխանեցնենք, որ դրա փոխանցումը լինի գերպաշտպանված և ապահովված»,–ասաց նախարարը:
Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա: Փաստաթուղթը կարգավորում է Համագործակցության հարցերով դատախազի գործուղման, նրա գործունեության շրջանակի, մասնավորապես՝ Եվրաջասթի Կոլեգիայի նիստերին, աշխատանքային խմբի աշխատանքներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին, դասընթացներին, իրազեկման միջոցառումներին և ծրագրերին վերջինիս մասնակցության հետ կապված հարցերը:
Ստորագրումից հետո Գլխավոր դատախազության հետ սկսվելու է դատախազի ընտրության թափանցիկ գործընթաց: Մինասյանը կարևորեց, որ դատախազը, որը ներկայացնելու է Հայաստանը, լինի կատարյալ, օրինակելի դատախազ:
«Այսօր դուք դառնում եք Եվրաջասթի՝ Եվրոպական միության անդամ չհանդիսացող 14-րդ անդամը, և սա նշանակում է նաև, որ դուք կարող եք գործուղել համակարգող կամ կադրերի համար պատասխանատու դատախազի մեր գլխավոր շտաբ՝ Հաագա»,–ասաց Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը: