Քաղաքականություն

Նիկոլա Ազնավուրն աջակցության խոսքեր է ուղղել Ռուբեն Վարդանյանին

3 րոպեի ընթերցում

Նիկոլա Ազնավուրն աջակցության խոսքեր է ուղղել Ռուբեն Վարդանյանին

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ, Շառլ Ազնավուրի որդի Նիկոլա Ազնավուրը հայտարարություն է տարածել Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ է տարիներ շարունակ ճանաչել Ռուբեն Վարդանյանին։ 

«Խոր հիացմունքով եմ խոսում մի մարդու մասին, որը մշտապես աչքի է ընկել որպես տեսլական ունեցող գործիչ և նվիրյալ հայրենասեր։ Բարեգործական նախաձեռնությունների և կրթական ծրագրերի իրականացմամբ Ռուբենն ապացուցել է, որ իրական հաջողությունը մարդկանց կյանքի բարելավումն է և ստեղծած արժեքները։ «Ավրորա» մրցանակի հիմնումը վկայում է կարեկցանքի, մարդկային տոկունության և հույսի ուժի նկատմամբ նրա խոր հավատի մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակման մեջ նշել է Ազնավուրը։ 

Նա ընդգծել է, որ այսօր բախվում ենք ցավալի իրականության։ «Ռուբենն արդեն 471 օր կալանքի տակ է գտնվում Ադրբեջանում։ Ապօրինի այս գործողությունները, որոնք ունեն բացառապես քաղաքական շարժառիթ, արդարության և մարդու իրավունքների ոտնահարում են։ Ռուբեն Վարդանյանի նվիրվածությունը հայ ժողովրդին ու համամարդկային արժեքներին իսկապես բացառիկ է։ Նա ազնվության և կարեկցանքի մարմնացում է, որակներ, որոնք ոգեշնչում են։ Հպարտ եմ Ռուբենին իմ ընկերն անվանել և անհամբերությամբ սպասում եմ այն օրվան, երբ նա կկարողանա շարունակել աշխարհը դեպի լավը փոխող նախաձեռնությունների իրագործումը: Այսօր առավել, քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին։ Նրա քաջությունը և նվիրումը ոչ միայն մեր աջակցությանն են արժանի, այլև մեր միասնական ջանքն են պահանջում`ապահովելու նրա ազատությունն ու պաշտպանելու այն արժեքները, որոնք նա մարմնավորում է»,-եզրափակել է Նիկոլա Ազնավուրը։

Ադրբեջանն ապօրինի ձերբակալել և շինծու մեղադրանքներ է առաջադրել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Իշխանյանին, արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, Պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանին, Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։ 

Կեղծ մեղադրանքներ են առաջադրվել նաև Վասիլի Բեգլարյանին, Էրիկ Ղազարյանին, Դավիթ Ալահվերդյանին, Գուրգեն Ստեփանյանին, Լևոն Բալայանին, Մադաթ Բաբայանին, Գարիկ Մարտիրոսյանին, Մելիքսեթ Փաշայանին։ 

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու քրեական գործն անջատվել է մյուսների գործից, դատաքննությունն անցկացվել է առանձին։

Թե Ռուբեն Վարդանյանի, թե մյուս շինծու մեղադրյալների գործով դատական նիստն անցկացվել է հունվարի 17-ին։  Վարդանյանի նկատմամբ դատական հաջորդ նիստը կկայանա հունվարի 27-ին, իսկ մյուս մեղադրյալաների նկատմամբ դատական նիստը տեղի կունենա հունվարի 21-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում