Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է կենտրոնական հավաքակայան՝ դիտարկելու ձմեռային զորակոչի ընթացքը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն այցելել է կենտրոնական հավաքակայան՝ դիտարկելու ձմեռային զորակոչի ընթացքը

Ձմեռային զորակոչի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ հունվարի 17-ին այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական հավաքակայան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմի գրասենյակից։

Հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել զորակոչի ընթացքը, վեր հանել հնարավոր խնդիրները, զրուցել անձնակազմի հետ, ծանոթանալ զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին:

Զինված ուժերի գլխավոր շտաբի կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանի և զորակոչի պատասխանատու անձանց հետ շրջայց է իրականացվել հավաքակայանում:

Պաշտպանին ներկայացվել են զորակոչի կազմակերպման պայմանները, զորակոչիկների ընդունման և գրանցման կարգը, ինչպես նաև զինվորական ծառայության վայրի վիճակահանության գործընթացի հետ կապված հարցերը: 

Պաշտպանը հատուկ ուշադրություն է դարձրել զորակոչիկների առողջական վիճակի հետ կապված հարցերին, բուժզննումների ընթացքին, բժշկական հանձնաժողովի հետ քննարկել է զորակոչիկների հետազոտության ընթացքի ու մեթոդների հետ կապված հարցեր, առանձին խնդիրներին լուծումներ մշակելու մեխանիզմներ: 

Պաշտպանը զորակոչիկներին մաղթել է խաղաղ ու անվտանգ ծառայություն և նշել, որ նրանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր անմիջական ուշադրության ներքո: 

Պաշտպանը հարկ է համարում նշել, որ Կենտրոնական հավաքակայանում զորակոչի կազմակերպման գործընթացում պարբերաբար արձանագրվում են դրական փոփոխություններ, օրինակ՝ վերանորոգվել է ճաշարանը, զորակոչիկներն ապահովված են սննդով, ծառայության վայրեր մեկնելուց առաջ զորակոչիկները ստանում են իրենց համապատասխան զինվորական հանդերձանք, ավտոմատացված էլեկտրոնային համակարգի միջոցով ստուգվում են զորակոչիկների գիտելիքները և ըստ այդմ՝ ստեղծվել են հիմնական զորամաս մեկնելուց առաջ ծառայության նշանակվելու և ուսումնական զորամասերում վերապատրաստվելու կառուցակարգեր և այլն: 

Զորակոչիկների առողջական վիճակի, բժշկական հետազոտությունների ու փորձաքննությունների և ընդհանուր առմամբ զորակոչի շրջանակում նրանց իրավունքների երաշխավորման հետ կապված խնդիրները, որոնք արձանագրվում են ինչպես պարբերաբար իրականացվող այցերի ընթացքում, այնպես էլ Պաշտպանի աշխատակազմ ստացվող գրավոր ու բանավոր բողոքներով՝ ամենօրյա ռեժիմով և տարբեր ձևաչափերով քննարկման առարկա են դարձվում իրավասու գերատեսչությունների հետ: 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքներին առնչվող հարցերով (այդ թվում՝ զորակոչ, վարժական հավաք և այլն) Պաշտպանին կարելի է դիմել ԹԵԺ ԳԻԾ 116 կամ 096116100 շուրջօրյա հեռախոսահամարներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում