Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է Բաքվում մեկնարկած Լեռնային Ղարաբաղի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դատավարություններին՝ նշելով, որ դրանք լուրջ անհանգստություն են առաջացնում մարդու իրավունքների և միջազգային նորմերի խախտման տեսանկյունից։
«Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Դավիթ Իշխանյանի, Բակո Սահակյանի,Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլի Բեգլարյանի, Էրիկ Ղազարյանի և Ռուբեն Վարդանյանի երկարատև կալանքը, նրանց պահման պայմանների մասին տեղեկությունները, ինչպես նաև Բաքվում մեկնարկած դատավարությունները խորը մտահոգություն են առաջացնում։ Արձանագրվում են մարդու հիմնարար իրավունքների զանգվածային խախտումներ, որոնք հակասում են միջազգային նորմերին և արդար դատաքննության սկզբունքներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Բաքոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Նա գրել է, որ միջազգային նորմերի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպանությունը՝ անկախ նրա էթնիկական պատկանելությունից, առաջնային պարտականություն է։
«Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրն ու Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշպանության մասին եվրոպական կոնվենցիան պարտավորեցնում են պետություններին ապահովել արդար դատաքննության իրավունք, խոշտանգումներից և արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքից ազատ լինելու իրավունք։
Մարդու իրավունքների խախտումը որևէ պարագայում չի կարող արդարացվել, և բոլոր պետություններն ունեն պարտավորություն՝ երաշխավորելու արդարությունը և հարգանքը յուրաքանչյուր անհատի նկատմամբ՝ անկախ նրա էթնիկ կամ ազգային պատկանելությունից։
Մոտ օրերս հանդիպումներ կունենամ ոլորտային մասնագետների և ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ՝ ներկա իրավիճակը գնահատելու և անելիքները հստակեցնելու նպատակով»,-գրել է Ռուստամ Բաքոյանը։