Մշակույթ

ԵԹԿՊԻ-ն ժամանակակից պար մասնագիտացմամբ կրկնակի դիպլոմ է շնորհում

5 րոպեի ընթերցում

ԵԹԿՊԻ-ն ժամանակակից պար մասնագիտացմամբ կրկնակի դիպլոմ է շնորհում

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը շարունակում է ռազմավարական աշխատանքները տեղական և միջազգային համագործակցության ասպարեզում` կրթական և մշակութային ծրագրերի իրականացման նպատակով: Պարբերաբար վերանայվում, արդիականացվում և բարեփոխվում են բուհի մասնագիտական կրթական ծրագրերը՝ հաշվի առնելով արվեստի կրթության միջազգային միտումներն ու մրցունակության չափանիշները։ Բուհի համար կարևոր ռազմավարական նպատակ է համագործակցությունների եզրեր գտնել ճանաչված և առաջատար ուսումնական հաստատությունների հետ համատեղ կրթական ծրագրերի իրականացման համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում ԵԹԿՊԻ-ում «Պարարվեստի ռեժիսուրա» մասնագիտական կրթական ծրագրով բացվել է ժամանակակից պար մասնագիտացմամբ հեռակա կուրս՝ Ֆրանսիայի ACTS/Ecole de danse contemporaine Paris պարարվեստի ակադեմիայի հետ համատեղ, կրկնակի դիպլոմի շնորհմամբ։ 

Բուհը նպատակ ունի զարգացնել նորարարական մոտեցումներ ժամանակակից պարի ոլորտում՝ պատրաստելով բարձրակարգ մասնագետներ, որոնք կկարողանան նաև նոր գեղարվեստական ուղղություններ գտնել։ Առաջին կուրսի ընդունելությունը կատարվել է 2024 թվականի աշնանը, այժմ մեկնարկել են ինտենսիվ դասընթացները։ 

Ժամանակակից պար մասնագիտացմամբ հեռակա կուրսի դասախոսական կազմում են ոլորտի առաջատար մասնագետներ Հայաստանից և Ֆրանսիայից:  Փարիզի ACTS ժամանակակից պարի ակադեմիայի նախագահ Ֆրեդերիկ Օդըգոնի վստահեցմամբ՝ ժամանակակից պարի ուղղությունը հայ երիտասարդներին առաջարկում է բարձրորակ կրթություն ժամանակակից պարի ոլորտում, որը համապատասխանում է միջազգային պահանջներին, սակայն այստեղ սովորելու համար պահանջվում է վճռականություն և հոգատար մոտեցում:

«Ժամանակակից պարի ուղղությամբ հեռակա կուրսը ուշադրություն է դարձնում ապագա մասնագետների ուժեղ և բազմակողմանի կատարողական պատրաստվածությանը, նաև այդ է պատճառը, որ դասական պարի և ժամանակակից պարի տեխնիկաների (մասնավորապես Մարթա Գրեհեմի տեխնիկայի) ամենօրյա դասերը կլինեն կրթության հիմնական բաղադրիչներից մեկը»,-մանրամասնում է Ֆրեդերիկ Օդըգոնը: 

Փարիզի ACTS ժամանակակից պարի ակադեմիայի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Գրեհեմի տեխնիկայի վարպետ Պասկուալինա Նոյելի խոսքով՝ ժամանակակից պարարվեստում գոյություն ունեն մարմնի հետ աշխատանքի բազմաթիվ մոտեցումներ։ «Մեր խնդիրն է ուսանողներին պատրաստել հնարավորինս ամբողջական կերպով, որպեսզի նրանք զգան իրենց ազատ և ինքնավստահ՝ թե՛ որպես կատարողներ, թե՛ որպես խորեոգրաֆներ»,- ընդգծում է Փարիզի ACTS ժամանակակից պարի ակադեմիայի համահիմնադիր և գեղարվեստական ղեկավար, Գրեհեմի տեխնիկայի վարպետ Պասկուալինա Նոյելը: 

SUMMEET ժամանակակից պարի միջազգային  փառատոնի համահիմնադիր և
գեղարվեստական ղեկավար, նախագծի համակարգող, ԵԹԿՊԻ-ի դասախոս Վալերիա Կասպարովան էլ հավաստիացնում է՝ պրոֆեսիոնալ պարող դառնալու համար անհրաժեշտ է ամբողջական նվիրվածություն՝ ուսումնական գործընթացի ողջ ընթացքում: 

«Յուրաքանչյուր ուսանող ուսման ընթացքում խորացնելու է իր գիտելիքը, զգայունակությունը, կատարողական հմտությունները, զարգացնելու է  հարմարվողականության կարողությունները՝ համապատասխան բեմի և մասնագիտական աշխարհի պահանջներին՝ միաժամանակ ձևավորելով բարձր գեղարվեստական մշակույթ»,-նշում է Վալերիա Կասպարովան։ 

ACTS/Ecole de danse contemporaine Paris-ը առանձնանում է Ֆրանսիայում իր խիստ ուսուցմամբ, մրցունակ կրթական ծրագրով, որը կենտրոնացած է տեխնիկական և գեղարվեստական գերազանցության, ինտելեկտուալ զարգացման և բեմական հիանալի հարմարվողականության վրա՝ հաստատելով իր դիրքը որպես կատարողական արվեստների կրթական կենտրոն։

Նախագիծն իրականություն է դարձել SUMMEET ժամանակակից պարի միջազգային փառատոնի հետ սերտ համագործակցության արդյունքում և Հայաստանում ֆրանսիական ինստիտուտի գործուն աջակցությամբ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում