Իրանը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. ԻԻՀ ԱԳ փոխնախարար
2 րոպեի ընթերցում

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի առաջին տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչին համոզված է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրումը կարևոր քայլ կլինի ոչ միայն երկու երկրների, այլև ողջ տարածաշրջանի կայունության համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Region Monitor–ին տված հարցազրույցում Ռավանչին ընդգծել է, որ Իրանը, որպես բարիդրացիական հարաբերություններ ունեցող երկիր, պատրաստ է աջակցել այդ ջանքերին։
«Անցյալն անցյալ է։ Մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա։ Փաստաթուղթը պատրաստ է, և որքան շուտ այն ստորագրվի, այնքան լավ: Իրանը որպես երկիր, որը բարիդրացիական հարաբերություններ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ, պատրաստ է անել ամեն բան՝ հեշտացնելու այն աշխատանքը, որը պետք է իրականացվի համաձայնագիրը ստորագրելու համար», - ասել է նա՝ հույս հայտնելով, որ ռազմական բախումների էջը փակված է։
Մեկնաբանելով հնարավոր ռազմական սցենարների վերաբերյալ փորձագիտական կանխատեսումները՝ Իրանի փոխնախարարն ընդգծել է. «Մենք դեմ ենք ցանկացած սահմանային փոփոխության և տարածքային ամբողջականության խախտման։ Ոչ ոք չի կարող ապավինել ռազմական ուժին մեկ այլ երկրի տարածք գրավելու համար»։
Ըստ Ռավանչիի՝ փոխադարձ հարգանքի և միջազգային իրավունքի հիման վրա տարածաշրջանի պետությունները պետք է համագործակցեն՝ հետագա սերունդների համար խաղաղ ապագա կառուցելու ուղղությամբ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։