ԲՏԱ նախարարությունը պատրաստ է ոլորտի ընկերությունների առաջարկների հիման վրա բարելավել պետական աջակցության օրենսդրական փաթեթը
4 րոպեի ընթերցում

Երևանում անցկացվեց բարձր տեխնոլոգիաների ոլորտին օրենքով տրամադրվող հարկային արտոնությունների վերաբերյալ աշխատաժողով, որի նպատակն էր սպառիչ պատասխան տալ բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հարցերին, լսել նրանց առաջարկներն ու դրանց հիման վրա հետագայում ավելի բարելավել օրենքը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատաժողովը կազմակերպել էր ՏՀՏ գործատուների միությունը՝ ՀՀ ԲՏԱ նախարարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ITReports-ի հետ միասին:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Գասպարյանը նշեց՝ աշխատաժողովին ներկայացնելու են բարձր տեխնոլոգիական ոլորտի հարկային արտոնությունների և պետական աջակցության ծրագրերի փաթեթը, որն ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպե՞ս են օրենքով սահմանված արտոնություններն ընդունվել ՏՀՏ ընկերությունների շրջանում՝ Գասպարյանը նշեց, որ սկզբնական շրջանում տարակուսանք, հարցեր, կասկածներ և մտորումներ կային:
«Մենք, օրենքի ընդունման նախնական փուլից սկսած, ոլորտի ընկերությունների հետ պարբերաբար հանդիպումների մեջ ենք եղել։ Բոլորի հետ մանրակրկիտ քննարկելով և նրանց կարծիքները հաշվի առնելով՝ իրականացվել են փոփոխություններ: Բնականաբար, կլինեն գոհ մնացած ընկերություններ, անձինք և կլինեն դժգոհողներ, բայց մենք պատրաստ ենք լսել ցանկացած դժգոհություն և, բնականաբար, ողջամիտ դժգոհությունը հաշվի առնելով՝ պատրաստ ենք նաև հետագայում խմբագրել, վերաշարադրել և բարելավել ամբողջ օրենսդրական փաթեթը»,- նշեց Գասպարյանը:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) իրավաբան Արամ Խաչատրյանն էլ ընդգծեց՝ այս փուլում նպատակ ունեն ընդհանուր գծերով ներկայացնել այն մեխանիզմերը, որ ներմուծվել են, ծանոթացնել, ընդհանուր պատկերացում ձևավորել, քննարկել և քարտեզագրել ոլորտում առկա խնդիրները, այնուհետև դրանց լուծման ուղիներ առաջարկել:
«Նշեմ, որ այս պահին կառավարության որոշումների զգալի մասը դեռևս մշակման գործընթացում է։ Ի սկզբանե, երբ այս օրենսդրական փաթեթը մշակվում էր, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հիմանկան ուղերձը կայանում էր նրանում, որ պետք է սկսենք ինչ-որ կետից, հասկանանք հնարավոր խնդիրները, լավարկումների տարբերակները և ներկայացնենք առաջարկներ: Այս անգամ պետությունը փորձել է ավելի ճկուն դրսևորում ցուցաբերել։ Այս փաթեթը դեռևս վերջնական տարբերակ չէ, վստահաբար այս ողջ գործընթացում հնարավոր կլինի հավաքագրել խնդիրները և քննարկումների արդյունքում լավարկել առկա ընթացակարգերը, իսկ այսօրվա հանդիպումը հենց այդ փուլերից մեկն է»,- նշեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) իրավաբանը:
ITReports-ի համահիմնադիր Դավիթ Նիկողոսյանն էլ ընդգծեց՝ գործընթացը նոր է և դեռ երկար ճանապարհ է անցնելու։ Նրա խոսքով՝ շատ ժամանակ օրենքի նախագծերն առաջին անգամ ընթերցելիս՝ շատերի մոտ թյուրընկալում է լինում, այդ իսկ պատճառով շատ կարևոր է օրենքի ճիշտ մեկնաբանությունը:
«Այս քննարկումը շատ կարևոր է, որպեսզի կարողանանք ճիշտ կիրառել այն, ինչ նախատեսված է օրենքով։ Եթե հարցեր կան, որոնք մեր տեսանկյունից բաց են կամ երկակի ընկալման տեղիք են տալիս, մենք դրանք կբարձրաձայնենք։ Հույս ունենք, որ այդ հարցերը լուծում կստանան»,-ասաց Նիկողոսյանը: