«Արմավիր» ՔԿՀ բերված սառնարանից հայտնաբերվել են 14 բջջային հեռախոս և այլ արգելված իրեր
1 րոպեի ընթերցում

ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, ստանալով օպերատիվ տվյալներ, տնտեսական ապահովման բաժնի աշխատակիցների հետ համատեղ ապրիլի 22-ի ժամը 11:30-ի սահմաններում խուզարկել են կալանավորված անձ Ս. Հ.-ի անվամբ ներկայացված սառնարանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից, սառնարանի վերևի հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 14 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման 8 լար և 1 լիցքավորիչ, 3 Wi-Fi սարք, 2 բաժանորդային քարտ և բջջային հեռախոսի 4 պաշտպանիչ:
Նախապատրաստվում են նյութեր:
Քրեակատարողական ծառայությունը հորդորում է պատասխանատվության չենթարկվելու համար զերծ մնալ անօրինական գործողություններից և խստագույնս պահպանել քրեակատարողական հիմնարկներ այցելելու օրենքով սահմանված պահանջները: