ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների համար հունվարի 1-ից ուժի մեջ են մտել Բարձրագույն տեխնոլոգիաների օրենքը և հարկային օրենսգրքում համապատասխան փոփոխությունները:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը՝ նշելով, որ բարձր տեխնոլոգիաների օրենքի հիմնական կոմպոնենտները մի քանիսն են:
«Առաջին կետը վերաբերում է նոր աշխատակիցների շուկա մուտք գործելուն. այսինքն, եթե ընկերությունն աշխատանքի է ընդունում մարդու, որն առաջին անգամ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում, որոնք դասակարգված են կառավարության որոշումներով, ապա այդ ընկերությունները պայմանագիրը կնքելուց հետո մոտակա երեք տարին ստանալու են եկամտահարկի 60 տոկոսի չափով վերադարձ:
Երկրորդ կոմպոնենտը վերաբերում է աշխատանքային միգրանտներին. եթե ընկերությունում կան աշխատակիցներ, որոնք չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ, ապա 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ընկերությունը այդ աշխատակիցների մասով ստանալու է եկամտահարկի 60 տոկոսի չափով վերադարձ: 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2032 թվականի դեկտեմբերի 31-ը աշխատակիցը՝ միգրանտը, ինքն է ստանալու 60 տոկոսի չափով վերադարձ»,- նշեց փոխնախարարը:
Սիմոնյանը նշեց՝ հաջորդ փոփոխությունը վերաբերում է վերապատրաստումներին, ինչը ենթադրում է, որ եթե ընկերությունը իր աշխատակցին ուղարկում է վերապատրաստման, թրեյնինգների, որը համապատասխանաբար վերաբերվում է մասնագիտական գործունեությանը, ապա ընկերությունը նախարարությանը ներկայացնում է այդ վերապատրաստման արդյունքները, սերտիֆիկատը և ամսվա կտրվածքով ստանում 50 տոկոսի չափով եկամտահարկի վերադարձ:
«Մյուս կոմպոնենտները վերաբերում են հարկային օրենսգրքում փոփոխություններին. ԱՁ-ների, ֆրիլանսերների մասով ունենք շրջանառության հարկի նվազեցում՝ 5 տոկոսից իջել է 1 տոկոսի:
Ունենք նաև շահութահարկի մասով բավականին հետաքրքիր մոտեցումներ՝ տեսականորեն ընկերությունները կարող են նվազեցնել շահութահարկը՝ տարեկան 18 տոկոսից մինչև 9 տոկոս»,- ասաց նա:
Սիմոնյանն անդրադարձավ նաև գիտահետազոտական ոլորտում նոր փոփոխությանը, ըստ որի, եթե ընկերությունը տեխնոլոգիաների և ինովացիաների վրա աշխատող և նոր պրոդուկտներ ստեղծող աշխատակիցների կամ խմբի ցանկը ներկայացնում է հանձնաժողովին, ապա նրանց մասով կլինի եկամտահարկի նվազեցում: Փոխնախարարն ընդգծեց, պետք է ուշադիր լինել՝ խոսքը եկամտահարկի չափով վերադարձի մասին չէ, այլ եկամտահարկի նվազեցման: Այն 20 տոկոսից դառնում է 10 տոկոս: