ՀՀ ԲՏԱ նախարարության հրավերով Հայաստան են ժամանել ֆրանսիական Mistral AI ընկերության ներկայացուցիչները
4 րոպեի ընթերցում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի գլխավորությամբ կայացել է Mistral AI ընկերության ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատաժողով՝ «Արհեստական բանականությունը՝ հանրային կառավարման փոխակերպման համար» թեմայով: Աշխատաժողովին ներկա են գտնվել նաև ՀՀ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և ոլորտի այլ ներկայացուցիչներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, աշխատաժողովի նպատակն է եղել ՀՀ կառավարության և ազգային զարգացման մեջ արհեստական բանականության (ԱԲ) դերի վերաբերյալ ռազմավարական պատկերացումներ տրամադրելը, արհեստական բանականության գործնական կիրառությունները կառավարման, տնտեսության և անվտանգության ոլորտում ներկայացնելը և ԱԲ նախագծերի քաղաքականության ու փորձնական իրականացման շրջանակները քննարկելն ու բացահայտելը:
Նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ողջունելով ներկաներին և կարևորելով հանդիպման անցկացումը, մեկ անգամ ևս վերահաստատել է արհեստական բանականության հեղինակավոր այս կազմակերպության և նախարարության համագործակցությունը՝ խթանելու համար ԱԲ ոլորտում համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները։ Mistral AI-ի ներկայացուցիչը հանգամանալից ներկայացրել է ընկերության գործունեությունը, արհեստական բանականության հիմունքներն ու համաշխարհային միտումները:
Ըստ աղբյուրի՝ հանդիպմանն անդրադարձ է կատարվել արհեստական բանականության, մեքենայական ուսուցման և ավտոմատացման, կառավարման, անվտանգության և տնտեսական զարգացման համաշխարհային ԱԲ միտումներին, առաջատար կառավարությունների ԱԲ-ի վրա հիմնված փորձի ուսումնասիրություններին, ԱԲ-ի ազդեցությանը կառավարության գործունեության և քաղաքացիական ծառայությունների վրա, արհեստական բանականության կիրառության միջոցով հանրային հատվածում խարդախության, գնումների և ֆինանսական գործարքների անոմալիաների հայտնաբերմանը, ԱԲ մեխանիզմներով խելացի կառավարմանն ու տվյալների վերլուծությանը, ԱԲ կիրառմամբ՝ արդարադատությանը, առողջապահական և սոցիալական ծառայություններին աջակցման և բարելավման մեխանիզմներին, ինչպես նաև թեմային վերաբերող մի շարք այլ հարցերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար առաջարկվող արհեստական բանականության ներդրման առաջնահերթ նախաձեռնություններին:
Հանդիպմանը նախորդել է Mistral AI-ի ներկայացուցիչների հետ տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների նախաճաշ-հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են արհեստական բանականության ուղղվածությամբ մի շարք համատեղ նախաձեռնություններ, գործակցության հնարավորություններ։
Նշվում է, որ 2025թ. փետրվարի 10-ին՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, ԲՏԱ նախարարության և Mistral AI ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել։ Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանում բարելավել ԱԲ ենթակառուցվածքները, աջակցել ԱԲ հենքով բիզնես լուծումներին և բարելավել հանրային կառավարումը ԱԲ հիմքով գործող GovTech ծրագրի միջոցով՝ կիրառելով Mistral AI ընկերության փորձառությունը առևտրային և բաց կոդով արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում: Նախարարության հետ համագործակցության շրջանակներում Mistral AI ընկերությունը Հայաստանում կօգտագործի իր փորձառությունը, կանցկացնի վերապատրաստումներ, կառաջարկի ԱԲ նպատակային լուծումներ։