«Երիտասարդի երազանք» նախագծի վերջին խմբի մասնակիցները ներկայացրին իրենց մարքեթինգային ծրագրերը
2 րոպեի ընթերցում

«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Երիտասարդի երազանք» նախագծի վերջին խմբի 18 մասնակիցներն ապրիլի 23-ին ներկայացրել են իրենց մարքեթինգային ծրագրերը հիմնադրամի թիմին, որի անդամները, լսելով բիզնես գաղափարներն ու մարքեթինգային պլանները, կիսվել են իրենց խորհուրդներով և օգնել կատարել վերջին շտկումները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, նշված խումբը կազմված է այն երիտասարդներից, ովքեր հասանելիության խնդիրներով պայմանավորված ֆիզիկապես չեն կարողացել մասնակցել դասընթացներին, բայց ձգտումը հաղթահարել է բոլոր դժվարությունները, և դասընթացներին մասնակցել են առցանց տարբերակով:
Մասնակիցները շաբաթներ անց իրենց գործարար ծրագրերը կներկայացնեն հատուկ կազմված հանձնաժողովին։ Հենց այդ հանդիպման արդյունքում էլ կորոշվի՝ ովքե՞ր են ստանում դրամաշնորհ և իրական հնարավորություն՝ իրենց երազանքները գործող բիզնեսի վերածելու համար։
«Այսօրվա հանձնաժողովը ուրախ էր արձանագրել, որ բիզնես գաղափարների շրջանակը լայն էր՝ մեղվապահությունից և ծնեբեկի արտադրությունից մինչև գինու համտեսի սրահներ, հյուրատներ ու սրճարաններ։ Ստորև այն ոլորտներն են, որոնց շուրջ ձևավորվել էին մասնակիցների գործարար ծրագրերը․
- մեղվապահություն
- ծնեբեկի արտադրություն
- գինու համտեսի սրահ
- գդալով դոզավորված մեղրի արտադրություն
- հյուրատուն և սննդի կազմակերպում
- անվտանգության և տեսահսկման համակարգեր
- հացաբուլկեղենի արտադրություն
- սրճարանային գործունեություն և այլն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հաջողակից՝ սկսնակին» ծրագիրը «Իմ Քայլը» հիմնադրամի կարևոր նախաձեռնություններից է, որը նպատակ ունի խթանել փոքր բիզնեսի զարգացումը և ձևավորել բարեգործության նոր մշակույթ, որտեղ կայացած գործարարները ներդրում են կատարում սկսնակ ձեռնարկատերերի զարգացման գործում։