Քաղաքականություն

ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է ԵԽԽՎ նախագահի այցը՝ կարևորելով վեհաժողովի  ակտիվ գործունեությունն ու տեղի ունեցող քննարկումները: 

Թեոդորոս Ռուսոպուլոսը խիստ արդյունավետ է գնահատել Հայաստանի խորհրդարանականների հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն հաջողությամբ կշարունակվի:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանն ուղղված Կառավարության քայլերի շուրջ:

ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների անշրջելիության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ վերահաստատելով ԵԽԽՎ պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը և աջակցությունը։

Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու պատրաստ է ստորագրել այն:  

Հանդիպման ավարտին ընդգծվել է երկխոսության և բազմակողմ համագործակցության խորացման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և խաղաղության: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում