ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության, տարածաշրջանային և միջազգային հարցեր
1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 23-ին հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ՀՀ կողմից իրականացված ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում արձանագրված առաջընթացը։
Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանը և Թեոդորոս Ռուսոպուլոսն ընդգծել են ժամանակակից պայմաններում ժողովրդավարական արժեքների հարգման կարևորությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող հարցերում ԵԽԽՎ և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումները։
ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Նշվում է, որ նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր հանգրվան կլինի տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում: