Հայաստան

ՀՀ ՄՔԾ-ի Զանգերի կենտրոնը քաղաքացիներին մատուցելու է բարձր որակի ծառայություններ

6 րոպեի ընթերցում

ՀՀ ՄՔԾ-ի Զանգերի կենտրոնը քաղաքացիներին մատուցելու է բարձր որակի ծառայություններ

ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում (ՄԾՔ) տեղի ունեցավ Զանգերի կենտրոնի պաշտոնական բացումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կենտրոնը ստեղծվել է Եվրոպայի խորհրդի՝ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի աջակցությամբ։ Զանգերի կենտրոնը նպատակ ունի տրամադրել ճշգրիտ և ժամանակին տեղեկատվություն միգրացիայի և քաղաքացիության մասին և բարձրացնել իրազեկվածությունը այս խնդիրների վերաբերյալ։ 

ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար Նելլի Դավթյանն իր ելույթում նշեց, որ իրականում տվյալ ծառայությունը հիմնվել է միգրացիայի կառավարման բարեփոխումների օրակարգով։

«Հաճախ խոսվում է բարձր կոնցեպտուալ արժեքների, միգրացիոն ռազմավարության, միգրացիան ավելի արդյունավետ կառավարելու գործիքակազմերի մասին։ Ինձ հաճախ հարցնում են, թե ինչպես է քաղաքացին բարեփոխումներն զգում իր մաշկի վրա, և ես նշում եմ, թե որքան հսկայական աշխատանք կա կատարելու ետնաբեմում, մինչև որ մենք կկարողանանք բարեփոխումները հասցնել ծառայությունների մատուցման օղակին։ Դրա փայլուն ապացույցը զանգերի կենտրոնի ստեղծումն է, որի անմիջական և ուղիղ շահառուն մեր բնակչությունն է։ Ընդ որում՝ այստեղ չկան շահառու խմբի բնութագրիչներ, այսինքն՝ մեր շահառուները ՀՀ քաղաքացիներն են, օտարերկրյա քաղաքացիներն են, փախստականներն են, տեղահանված բնակչությունն է և նույնիսկ Հայաստանից դուրս գտնվող և Հայաստանով հետաքրքրված մարդիկ են»,- ասաց Դավթյանը։

Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանությունն իր հետ բերել է բազմաթիվ մարտահրավերներ։

«Մենք կարծես ձեռք բերեցինք իմունիտետ և սովորեցինք այս համակարգին։ Իրականացնում ենք բարեփոխումներ, թվայնացման օրակարգերով ճգնաժամեր ենք կառավարում, ուստի մեզ համար կենսական նշանակություն ունի նաև մեր գործընկերների այսքան կարևոր աջակցությունը։ Տեխնիկական լուծումներն առկա էին, իսկ որակն ու բովանդակությունը փորձում ենք լրացել նրանց հետ։ Առաջիկայում ևս նախատեսված են կարևոր միջոցառումներ։ Ընդամենը կարճ ժամանակ անց մենք կկարողանանք շատ ավելի ինքնավստահ կերպով հայտարարել, որ կատարել ենք կարևոր քայլ ու բարձր մակարդակով խորհրդատվական բնույթի ծառայություններ ենք մատուցում մեր քաղաքացիներին։ Զանգերի կենտրոնի աշխատակիցներն ի պաշտոնե կատարում են կարևոր գործառույթ, ինչն էական ցուցիչներից մեկն է։ Մենք ունենք նաև տեղեկատու, որի նպատակն է քաղաքացիներին պատշաճ որակով ներկայացնել անհրաժեշտ ինֆորմացիան»,- նշեց Դավթյանը։

Նրա պնդմամբ՝ բարեփոխումների օրակարգը հիմնված է քաղաքացիակենտրոն մոտեցումների վրա, և տվյալ կառույցը պետք է ցույց տա, թե որոնք են այդ մոտեցումների դրսևորումները։

Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության բաժնի ղեկավար Շնուց Դյուրն իր հերթին նշեց, որ զանգերի կենտրոնի ստեղծումը մեծ ձեռքբերում է ՀՀ-ի ու Լեռնային Ղարաբաղից ժամանած փախստականների համար։ 

«Մենք Ստրասբուրգում խորապես ցնցված էինք, երբ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ։ Մարդիկ ստիպված էին լքել իրենց տներն ու տեղահանվել։ Եվրախորհուրդը փորձեց հնարավորինս արագ հարմարեցնել իր ծրագրերն ու նախագծերը՝ շեշտը դնելով փախստականներին օգնելու փաթեթի վրա։ Դրա մաս է կազմում նաև այս կենտրոնը։ Մենք ոչ միայն նշում ենք բացման արարողությունը, այլև կարող ենք լսել ձեր կարծիքներն ապագա գործունեության վերաբերյալ՝ տեղեկանալով, թե ինչ ազդեցություն է այն գործում նաև տեղահանվածների առօրյայի վրա։ Կենտրոնը համակարգված կերպով ճշմարիտ ինֆորմացիա կտրամադրի մարդկանց։ Առհասարակ վարչական մարմինների աշխատանքն առանձնապես կարևորվում է մարդկանց համար ծանր իրավիճակներում»,- ասաց Դյուրը։

Նա հույս հայտնեց, որ սույն կենտրոնը մշտապես դրական ազդեցություն կունենա՝ մատուցելով անհրաժեշտ ծառայություններ, որոնց կարիքն այդքան ունեն քաղաքացիները։ 

Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում ծրագիրը Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթի մաս է, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի 2023 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ի այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ համատեղ սահմանվեցին Հայաստանի համար աջակցության կոնկրետ ոլորտները՝ Եվրոպայի խորհրդի Գործողությունների ծրագրին (2023-2026թթ․) և Միգրացիայի ու ապաստանի համատեքստում խոցելի անձանց պաշտպանության գործողությունների ծրագրին (2021-2025թթ.) համահունչ։ 

Ծրագիրը նպատակ ունի Հայաստանի իշխանություններին տրամադրել համապատասխանեցված աջակցություն՝ տեղահանված անձանց և փախստականների կարիքները հոգալու նպատակով։ Ծրագրի ևս մեկ նպատակն է բարելավել տեղահանված անձանց իրավունքների և հասանելի ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում