Հայաստան

Եվրաջասթն ու Հայաստանն ընդլայնում են գործակցությունը. ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Եվրաջասթի նախագահին

2 րոպեի ընթերցում

Եվրաջասթն ու Հայաստանն ընդլայնում են գործակցությունը. ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է Եվրաջասթի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանի գլխավորած պատվիրակությանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրությունից, Գրիգոր Մինասյանը կարևորել է Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության հետ գործակցությունը քրեական արդարադատության ոլորտում կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներում։ 

Կողմերը երկուստեք ողջունել են 2024թ. սեպտեմբերի 13-ին Եվրաջասթի հետ քրեական վարույթներով իրավական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումը և կարևորել սեպտեմբերի 23-ին համաձայնագրի կատարումն ապահովող «Աշխատանքային պայմանավորվածության» նախագծի ստորագրումը։ 

Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի և Եվրոպական Միության իրավապահ և արդարադատության ոլորտի մարմինների միջև ստեղծվել է գործակցույթան ամուր փաստաթղթային հիմք: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել անձնական տվյալների պաշտպանության ոլորտում գործակցության խորացմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։ 

ԵՄ քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանը շնորհավորել է Հայաստանի անկախության 33-րդ տարեդարձի առիթով և կարևորել Եվրաջասթի ու Հայաստանի գործակցության հաստատումը: 

Լադիսլավ Համրանն ընդգծել է նաև Հայաստանի կողմից Եվրաջասթում համագործակցության հարցերով դատախազի նշանակման կարևորությունն ու ներկայացրել գործակցության ուղիներն ու հնարավորությունները: 

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքներն արդարադատության ոլորտի բարեփոխումների համատեքստում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում