Իրավունք

Եվրաջասթի նախագահը կայցելի Հայաստան

3 րոպեի ընթերցում

Եվրաջասթի նախագահը կայցելի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության նախագահ Լադիսլավ Համրանը սեպտեմբերի 23-ին կայցելի Երևան։ 

Այցի շրջանակներում կստորագրվի  Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրին (խմբ․ համաձայնագիրը սեպտեմբերի 11-ին վավերացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից) կից աշխատակարգ-համաձայնագիրը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով աշխատակարգ-համաձայնագիրը։

«Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունը, որը բոլորիս հայտնի է Եվրաջասթ անվանմամբ, Եվրոպական միության անդամ երկրների դատախազություններին վերապահված գործառույթները համակարգող և անդամ երկրների դատախազությունների միջև համագործակցությունը խթանող եվրոպական կառույց է, որն ի թիվս այլ գործառույթների՝ իրականացնում է հավաքագրված տվյալների փոխանակում, ինչպես Եվրոպական միության անդամ, այնպես էլ երրորդ երկրների իրավասու մարմինների միջև։ Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի նպատակն է զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում  Եվրաջասթի և Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը։ 

Պետք է նշեմ, որ հիմնական համաձայնագիրն Ազգային ժողովն արդեն վավերացրել է, այժմ այն ներկայացվել է ՀՀ նախագահի ստորագրմանը»,- ասաց նախարարը։

Գրիգոր Մինասյանը մանրամասնել է, որ աշխատակարգը հնարավորություն է տալու Հայաստանի իրավապահ համակարգին մասնակցել Եվրաջասթի կոլեգիայի լիագումար նիստերին, աշխատանքային խմբի աշխատանքներին, ռազմավարական նշանակության հանդիպումներին, իրազեկման միջոցառումներին և ծրագրերին»,- ասաց Մինասյանը։

Աշխատակարգը կստորագրեն Եվրաջասթի նախագահը, Հայաստանի գլխավոր դատախազը և արդարադատության նախարարը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում