Քաղաքականություն

Ի տարբերություն ՀՀ-ի ՝ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ. Փաշինյան

6 րոպեի ընթերցում

Ի տարբերություն ՀՀ-ի ՝ Ադրբեջանի սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի տարբերություն Հայաստանի սահմանադրության՝ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ, սակայն հայկական կողմը Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու պահանջ չի դնում այս փուլում, քանի որ խաղաղության պայմանագրի նախագծի՝ արդեն իսկ համաձայնեցված հոդվածներն այդ հարցն ամբողջությամբ լուծում են: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը նկատեց՝ Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, թե իբր ՀՀ սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ է պարունակում: Ադրբեջանի այդ դիրքորոշումը հիմնվում է նրա վրա, որ Հայաստանի սահմանադրության նախաբանում կա հղում Անկախության հռչակագրին, որում հիշատակում կա ԼՂ–ի և Հայատանի միավորման վերաբերյալ 1988 թվականին կայացված որոշմանը:

«Ադրբեջանի ասածն ինչքանո՞վ է հիմնավոր: Անկախության հռչակագրի 5–րդ հոդվածով՝ Գերագույն խորհրդի ենթակայության ներքո ստեղծվում են Զինված ուժեր, անվտանգության մարմիններ և այլն: Այսինքն՝ Անկախության հռչակագիրն ասում է, որ ՀՀ–ում զինված ուժերը, հատուկ ծառայությունները ենթարկվում են Գերագույն խորհրդին, այսինքն՝ երկրի օրենսդիր մարմնին: Բայց 1995 թվականին, երբ Սահմանադրությունն ընդունվել է, հենց առաջին իսկ պահից բանակը, ԱԱԾ–ն, ոստիկանությունը ենթարկվել են Հանրապետության նախագահին: Դա նշանակում է, որ Անկախության հռչակագրի բովանդակությունն ինքնաբերաբար արտահայտված չէ Սահմանադրության մեջ»,–ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ Անկախության հռչակագրից Սահմանադրության մեջ արտահայտված է այն, ինչ գրված է տառացի և բառացի: Իսկ այն, ինչ գրված չէ, տառացի ու բառացի, ուրեմն արտահայտված չէ ՀՀ սահմանադրության մեջ: Փաշինյանը նաև արձանագրեց՝ ՀՀ–ում տեղի ունեցած բոլոր ընտրությունները տեղի են ունեցել ՀՀ 29 հազար 743 քառ. կմ տարածքում: ԼՂ–ում Հայաստանի հանրաքվե, ընտրություն չի եղել:

Վարչապետն առաջարկեց Սահմանադրության հարցի համատեքստում նայել Ադրբեջանի սահմանադրությանը:

«Ադրբեջանի սահմանադրության մեջ հղում է արվում 1991 թվականի պետական անկախության մասին ակտին: Այդ ակտում հղում է արվում 1918 թվականի մայիսի 28–ի Ադրբեջանի անկախության հռչակագրին: Ընդ որում՝ անկախության ակտի մեջ գրված է, որ այսօրվա Ադրբեջանը 1918–1920թթ Ադրբեջանի իրավահաջորդն է: Իսկ 1918–1920թթ Ադրբեջանի հռչակագրի մեջ նշված է, որ Ադրբեջանի տարածքներ են Հարավային և Արևելյան Անդրկովկասը: 1919 թ. Անտանտի ներկայացրած քարտեզով Ադրբեջանը հավանակնություններ է ներկայացրել այսօրվա Սյունիքի և Վայոց ձորի մարզերի նկատմամբ ամբողջությամբ, Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի, Լոռու և Շիրակի մարզերի նկատմամբ՝ մասամբ: Ի տարբերություն Հայաստանի սահմանադրության՝ Ադրբեջանի սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ»,–ասաց Փաշինյանը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց չի բարձրացնում՝ վարչապետը նշեց, որ ՀՀ–ն հարցն այդ ձևով չի բարձրացնում, քանի որ խաղաղության պայմանագրի նախագծի մեջ կա համաձայնեցված դրույթ, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ այդ պայմանագրի դրույթները չկատարելու համար:

«Հիմա մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Ընդ որում՝ Ադրբեջանի՝ իմ նշած թղթերի մեջ կա ձևակերպում, որ Ադրբեջանի տարածքը 108 հազար քառ. կմ է և Հայաստանի ու Վրաստանի հետ սահմանային հարցերը լուծելուց հետո կդառնա 141 հազար քառ. կմ: Սա նշանակում է, որ այս տրամաբանությամբ այսօրվա Ադրբեջանի սահմանադրության մեջ արձանագրված է ևս 45–46 քառ. կմ–ի նկատմամբ տարածքային հավանակնություն: Դա մեզ չի անհանգստացնո՞ւմ. իհարկե, անհանգստացնում է, դա իհարկե խնդիր է: Մենք այդ խնդրին ո՞նց ենք արձագանքում, ասում ենք՝ թող Ադրբեջանն իր Սահմանադրությունը փոխի՞. ոչ, մենք ասում ենք, որ կա խաղաղության պայմանագրի՝ արդեն իսկ համաձայնեցված հոդված, որը ստորագրելու պարագայում այդ հարցը կարգավորվում է՝ արձանագրելով, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը՝ պայմանագրից բխող պարտավորությունները չկատարելու համար: Սա արձանագրվում է, մնացածը պատմություն է, պատմությունը չես կարող ջնջել, դրա անհրաժեշտությունը չկա էլ»,–ասաց նա:

Փաշինյանը հավելեց՝ եթե հիմա Հայաստանը պահանջի Ադրբեջանից փոխել իր սահմանադրությունը, կնշանակի հարցը դիտավորյալ մտցնել փակուղի: Բայց դա չի անի՝ ոչ թե այն պատճառով, որ մտահոգված չէ, այլ այն պատճառով, որ խաղաղության պայմանագրի նախագծի՝ արդեն իսկ համաձայնեցված հոդվածներն այդ հարցն ամբողջությամբ լուծում են: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում