Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հնարավոր է համարում միայն խաղաղության համատեքստում
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը լուծարելու որոշման կայացումը հնարավոր է համարում միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համատեքստում, այսինքն, երբ խաղաղությունը կայացած փաստ կլինի:
Փաշինյանը նման դիրքորոշում հայտնեց ասուլիսում՝ անդրադառնալով «Արմենպրես»-ի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հավանականության վերաբերյալ հարցին:
«Խաղաղության համատեքստում մենք կարծում ենք, որ հնարավոր է նման որոշում կայացնել: Եվ, երբ խաղաղությունը կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը, իրոք, կարող է հարցեր առաջացնել: Խնդիրը ժամկետի մասին է: Իմ տրամաբանությամբ՝ որևէ գործում պետք է չէ կառքը ձիուց առաջ դնել»,–ասաց Փաշինյանը:
Թե արդյոք արդյունավետ և ճիշտ ճանապարհ է այդ թեման հիմա քննարկման առարկա դարձնելը, Փաշինյանը հարց է համարում: Կան հարցեր, որոնց պատասխանները պետք է ստանալ:
Նա նկատեց՝ Ադրբեջանը, օրինակ, այդ փաստը օգտագործում է՝ ասելով, որ, եթե ՀՀ–ն հենց հիմա չի համաձայնվում Մինսկի խմբի համանախագահության լուծարմանը, նշանակում է, որ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի: Վարչապետը կրկնեց՝ Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ տարածքային պահանջներ չունի Ադրբեջանի նկատմամբ: