Քաղաքականություն

ՌԴ նախագահի Բաքու կատարած այցի ժամանակ քննարկվել է Բաքվի և Երևանի հաշտեցման թեման. Զախարովա

2 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահի Բաքու կատարած այցի ժամանակ քննարկվել է Բաքվի և Երևանի հաշտեցման թեման. Զախարովա

ՄՈՍԿՎԱ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան օգոստոսի 21-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հաստատել է, որ ՌԴ նախագահի՝ Բաքու կատարած այցի ժամանակ քննարկվել է Բաքվի եւ Երևանի հաշտեցման թեման։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Զախարովան նշել է, որ ՌԴ բոլոր ջանքերն այդ ուղղությամբ համապատասխանում են հատուկ դաշնակցային հարաբերությունների ոգուն՝ ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ, որի հիմքում ընկած են պատմական, մշակութային ընդհանուր արժեքներ։ 

«Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարևորագույն պայման է տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար։ Մեր երկիրը բոլոր մակարդակներում հայտարարել է, որ շահագրգռված է, որ դա լինի հնարավորինս շուտ։ Այն հաստատվել է անձամբ ՌԴ նախագահի կողմից, ով հայտնել է նաեւ իր մտադրության մասին` Բաքու կատարած այցից հետո կապ հաստատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ` շարունակելու հիմնախնդրի կարգավորման հարցի շուրջ երկխոսությունը։ Մենք պատրաստ ենք օժանդակել կողմերին՝ եռակողմ պայմանավորվածության շրջանակում»,- նշել է Զախարովան։ 

Անդրադառնալով ՀԱՊԿ-ի միջոցառումներին  Հայաստանի մասնակցությանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ ՀԱՊԿ-ի դռները միշտ բաց են և, իր կարծիքով, այդ կառույցից բացի անվտանգության այլ երաշխավոր չկա Հայաստանի համար։ 

Զախարովան խոսել է նաեւ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության հնարավոր աճի վերաբերյալ տեղեկատվության մասին, նշել, որ պարբերաբար երկու կողմերին  կոչ են անում զսպվածություն ցուցաբերել եւ բոլոր վիճահարույց հարցերը լուծել բացառապես խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում