Ֆինանսներ

Արագածոտնի մարզում կկառուցվի տարածաշրջանի մակարդակով բարձր ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային հանգստավայր

2 րոպեի ընթերցում

Արագածոտնի մարզում կկառուցվի տարածաշրջանի մակարդակով բարձր ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային հանգստավայր

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարության նիստում կայացվել է որոշում, ըստ որի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրում կստեղծվի ազատ տնտեսական գոտի` ներդրումների ներգրավման, երկրի ներդրումային գրավչության բարձրացման, երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման,  նոր աշխատատեղերի ստեղծման և կայուն տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում ազատ տնտեսական գոտու ստեղծմամբ ակնկալվում է խթանել զբոսաշրջության զարգացումը, նոր աշխատատեղերի ստեղծումը, նպաստել ներդրումների ներգրավումը։

Ծրագրի նպատակն է կառուցել տարածաշրջանի մակարդակով բարձր ստանդարտներին համապատասխան լեռնադահուկային հանգստավայր, ինչը կնպաստի երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացմանը և երկրի/մարզի սոցիալ-տնտեսական կայուն զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում միայն կազմակերպչի ընդհանուր ներդրումների ծավալը կկազմի մինչև 30 մլրդ դրամ սահուղիների և արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերման և ժամանցային կենտրոնների (տոբոգան, տյուբինգ, «կախարդական կարպետ», զիփլայն, ջրային ատրակցիոններ) և այլ ենթակառուցվածքների կառուցման համար: 

Ծրագրի համաձայն՝ կազմակերպիչը բացի հիմնական ենթակառուցվածքներից, կառուցելու է նաև ճոպանուղիներ, երեք հյուրանոց, ռեստորան, սահադաշտ, մանկական զբաղմունքի կենտրոն, սպա կենտրոն, որտեղ լինելու են բազմաթիվ հիմնական աշխատողներ։ Համաձայն ներկայացված գործարար ծրագրի՝ ԱՏԳ-ի ստեղծման դեպքում նախատեսվող աշխատատեղերի քանակը առաջին փուլում կկազմի 1,500, իսկ երրորդ փուլում կհասնի 10,400-ի: 

Միջին ամսական աշխատավարձն առաջին փուլում կկազմի 180,000 դրամ՝ հետագայում աճման միտումով։ «Մայլեռ ԱՏԳ» ՍՊԸ-ն ծրագրի իրականացման ընթացքում արդեն իսկ իրականացրել է 15 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ համապատասխան ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչպես նաև ստեղծել է 90-100 նոր աշխատատեղ: Համաձայն զբոսաշրջային հոսքերի կանխատեսումների, առաջին փուլի ավարտին ակնկալվում է, որ հանգստավայր կայցելի օրական մինչև 20,000 այցելու՝ ձմեռային սեզոնին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում