Պետական աջակցությամբ Հայաստան է ներկրվել բարձր կաթնատվությամբ 2450 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակում՝ պետական աջակցությամբ, 2019-2024թթ. Հայաստան է ներկրվել շուրջ 2450 գլուխ խոշոր եղջերավոր՝ բարձրարժեք, արտադրատնտեսական բարձր ցուցանիշներով օժտված կենդանի:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը:
«Տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում 2019-2024թթ ներկրվել են 2450 գլուխ տարբեր ցեղերի կենդանիներ՝ շվից, հոլշտեյն և այլն: Այս կենդանիների կաթնատվությունը միջինում կազմում է 6000-7000 լիտր, որ գրեթե 3 անգամ գերազանցում է մեր տեղական տավարի կաթնատվության միջին ցուցանիշը»,-ասաց փոխնախարարը:
Ծրագիրն այս պահին ունի 46 շահառու տարբեր մարզերից: 46 շահառուի մասով պետության կողմից վարկի տոկոսադրույքի սուբսիդավորվող գումարը 2019-2024 թթ կազմել է 229 մլն դրամ կամ յուրաքանչյուր շահառուի համար միջինը 5 մլն դրամ:
«Ներկրվել են բարձրարժեք, տոհմային, արտադրատնտեսական բարձր ցուցանիշներով օժտված կենդանիներ: Հանրապետությունում հավելյալ արտադրվում է 25 հազար լիտր կաթ»,-նշեց Տաթևիկ Սարգսյանը:
Գյուղատնտեսական համախառն արտադրանքի արժեքը 4 տոկոսով գերազանցում է 2023-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, 10.6 տոկոսով գերազանցում է բուսաբուծության համախառն արտադրանքը և 0.1 տոկոսով՝ անասնաբուծության համախառն արտադրանքը: Ըստ փոխնախարարի՝ կան նախադրյալներ ակնկալելու, որ անասնաբուծության ոլորտում 2024 թվականին կարող է արձանագրվել դրական փոփոխության: Ակնկալվում է մինչև 1.5 տոկոս աճ անասնաբուծության ոլորտում: