ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-վրացական ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագիրը կնպաստի երկու երկրների համագործակցության խորացմանը, մշակույթների փոխճանաչմանը և երիտասարդ սերնդի ներկայացուցիչների միջև նոր կապերի ստեղծմանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության կողմից իրականացվող ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագրի շրջանակում մասնակիցների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Արթուր Մարտիրոսյանն ընդգծեց Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ նման ծրագրերի իրականացման կարևորությունը հայ-վրացական բարեկամական հարաբերությունների շարունակականության ապահովման առումով։
«Մեր ժողովուրդների միջև ձևավորված բարիդրացիական և ամուր բարեկամական կապերի ժառանգությունը սերունդներին փոխանցելը կարևոր է բոլորիս համար: Հայաստան-Վրաստան միջկառավարական համագործակցության բաղադրիչ հանդիսացող նման ծրագրերը հնարավորություն են տալիս երիտասարդներին ճանաչել միմյանց՝ ապագայում հանդես գալու որպես հայ-վրացական բարեկամության դեսպաններ: Երկկողմ ձևաչափով իրականացվող այս ծրագրերը ամրացնում են բարեկամական կապերը`հիմքեր ստեղծելով նաև հետագայում այլ համագործակցային նախագծերի համար։ Ժողովրդավարության զարգացման ուղին բռնած Հայաստանը և Վրաստանը հանրային կյանքի տարբեր ոլորտներում ունեն բարեփոխումների համեմատելի օրակարգ, և փորձի փոխանակումը՝ այդ թվում երիտասարդական քաղաքականության ոլորտում, օգտակար է»,- ասաց Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարի տեղակալը ծրագիրը կարևորեց նաև միջմշակութային հաղորդակցության տեսանկյունից` շեշտելով, որ մշակութային երկխոսությունը բարեկամության ամրացման ամենաարդյունավետ ձևերից է:
Կարևորելով ծրագրի շարունակականությունը որպես միջկառավարական համագործակցության կարևոր բաղադրիչ` նա կոչ արեց երիտասարդներին անդադար սովորել և որպես համայնքի կամ որևէ երիտասարդական կառույցի ներկայացուցիչ տարածել ծրագրի շրջանակում ձեռք բերած հմտությունները։
«Ծրագրի կարևոր ակնկալիքներից է նաև այն, որ երիտասարդները կարող են լավագույնս նպաստել Հայաստան-Վրաստանի հարաբերությունների խորացմանը ամենատարբեր ոլորտներում»,- ամփոփեց Արթուր Մարտիրոսյանը:
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Տարիել Գուգավան ընդգծեց, որ սա լավ հնարավորություն է ավելի մոտ լինել միմյանց, փոխանակել գիտելիքներ և կիսվել երիտասարդության շրջանում առկա համընդհանուր խնդիրներով։
«Մեր երկրները բոլոր ժամանակներում էլ ունեցել են լավ հարաբերություններ, և այժմ ժամանակն է, որ մեր երիտասարդները ձևավորեն նման լավ հարաբերություններ և խորացնեն երկու երկրների միջև առկա հարաբերությունները, սերտ կապեր հաստատեն՝ դրանով նաև նպաստելով երկու երկրներում երիտասարդության շրջանում առկա խնդիրների վերհանմանն ու լուծմանը։ Շատ ուրախ ենք, որ այն լինելու է շարունակական, և 2025 թվականին արդեն Վրաստանը ծրագրի շրջանակում կընդունի երիտասարդներին»,-ասաց Տարիել Գուգավան։
Պանելային քննարկման ընթացքում հայ և վրացի փոխնախարարները ներկայացրեցին երիտասարդության ոլորտում իրենց պետական քաղաքականությունը, իրականացվող ծրագրերը, առկա խնդիրները, լուծման ուղիները։ Երիտասարդները նաև հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել փոխնախարարներին, հայտնել իրենց մտահոգություններն ու ներկայացնել առաջարկներ։
Հայ և վրացի երիտասարդները հավաստիացրեցին, որ ծրագիրը հաջողված է և լավ հնարավորություն է միմյանց ճանաչելու առումով։
Ծրագրի մասնակից, վրացի ուսանող Ցոտնե Լացուզբաիան «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ տպավորված է։
«Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ։ Շատ տպավորված եմ, այստեղ բնությունը շատ գեղեցիկ է։ Ծրագրից բոլոր ակնկալիքներս արդարացան. ծանոթացել եմ նոր մարդկանց հետ և նոր ընկերներ ձեռք բերել, վստահ եմ՝ դեռ երկար շարունակելու ենք պահպանել հաստատված ընկերական կապերը: Կան նաև ուսումնական ծրագրեր, որոնք շատ հետաքրքիր են։ Ես հույս ունեմ, որ հետագայում ևս Հայաստանում լինելու շատ հնարավորություններ կունենամ»,- նշեց ծրագրի մասնակիցը։
Հայաստանից ծրագրին մասնակցող Միլենա Կռոյանը նշեց, որ իրեն հատկապես տպավորել են վրացական ավանդույթները և ծիսական արարողությունները, որոնք ներկայացվել են ծրագրի ընթացքում։ Նա ընդգծեց՝ սա իր համար նաև գիտելիքները զարգացնելու լավ հնարավորություն էր։
«Այստեղ հնարավորություն ունեցա ձեռք բերել շատ ընկերներ և՛ Հայաստանից, և՛Վրաստանից և ունենալ շատ լավ ժամանց։ Սա նաև լավ հնարավորություն էր ծանոթանալու միմյանց մշակույթներին, ազգային երգին ու պարին»,- նշեց Միլենա Կռոյանը։
Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հետ համատեղ կազմակերպում է ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագիր՝ ՀՀ և Վրաստանի 60 երիտասարդների մասնակցությամբ:
Ծրագիրը ներառում է մի շարք երիտասարդական, մշակութային, սպորտային, կրթական, ճանաչողական միջոցառումներ, ինչպես նաև ինտելեկտուալ ժամանցի և մրցակցային խաղեր։ Այն ներառելու է պանելային քննարկումներ, լեզվական, երաժշտական, թատերական խաղ-առաջադրանքներ։ Ճանաչողական միջոցառումների մաս են կազմելու նաև Լոռու մարզում և Երևանում էքսկուրսիաներն ու արշավները, ինչպես նաև այց նորաբաց երիտասարդական կենտրոն։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարության որոշմամբ 2024 թվականի պետական բյուջեում կատարվել էր վերաբաշխում՝ 18261,3 դրամ գումարի չափով՝ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ ամառային կրթամշակութային-երիտասարդական ծրագրի իրականացման նպատակով: